ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի խնդրանքին համապատասխան, նախատեսված է երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին (ՀՀ ժամանակով 18:00-ին): Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրում։
Ավելի վաղ Ռուսաստանը Ուկրաինայի Բուչա քաղաքում տիրող իրավիճակի հարցով առանձին հանդիպում էր խնդրել երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին): Ուկրաինայի՝ ավելի վաղ ուղարկված խնդրանքով էլ հանդիպումը նախատեսված էր ապրիլի 5-ին։
Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը նախագահը կայացնում է ամեն ամիս՝ ըստ հարցերի հրատապության։ Ապրիլից այս պաշտոնը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան։
Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բուչայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և գլխավոր քարտուղարին լսելու նպատակով։
«Որոշման մի մասն ընդունվել է, քանի որ կներգրավվի գլխավոր քարտուղարը, կլինեն նաև ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ով մեկնում է Կիև, ուստի, կարծում եմ, մենք կունենանք շատ ավելի տեղեկատվական հանդիպում վաղը, որը ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու հիմնական միջոցն է»,- ասել է նա։
Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն ու լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ և լուսանկարներ, որոնք արվել են Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ մահացած տասնյակ մարդկանց դիերն ուղղակիորեն ընկած են ճանապարհի տարբեր կողմերում։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայի իրադարձությունները, որոնք նրանք տարբեր կերպ են նկարագրում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ սարսափազդու որակելով հրապարակված կադրերը, հայտարարել է, որ նկարներում քաղաքացիական անձանց դիեր են, ռուսական կողմն էլ լուսանկարները շինծու , տեսարանն էլ՝ բեմադրված է որակել ու մեկ անգամ ևս հայտարարել, որ ՌԴ զինված ուժերը քաղաքացիների ու քաղաքացիական օբյեկտների չեն թիրախավորում: