Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով







Համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) 2022թ-ի հունվարյան զեկույցի Հայաստանում տնտեսական աճը 2022թ-ին կլինի 4.8%, իսկ 2023թ-ին` 5.4%:
Հաջորդ տարվա համար նախատեսվող տնտեսական աճի արագացումը ՀԲ-ի փորձագետները պայմանավորում են մի քանի գործոնով։
«Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023թ-ին տնտեսական աճը:
Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,-ասված է զեկույցում։

ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չխանգարի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր մինչև հունվարի 19-ը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի ողջ զորախումբը դուրս է բերվելու Ղազախստանի տարածքից։
«Հենց դա է մեր պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրը Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ՝ ավարտելու այս գործողությունը»,- հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաք գլուխների», գուցե տապալել է որոշ գաղափարներ, ծրագրեր»։ «Սա այն մարդկանց գնահատականն է, ովքեր աշխատում են Ղազախստանում: Ուստի խաղաղապահների ժամանումը նպաստեց այս իրավիճակի շրջադարձին և կայունացմանը», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ղազախստանի նախագահի հորդորը ՀԱՊԿ կոնտինգենտի հանրապետություն մտնելու վերաբերյալ բացարձակապես համապատասխանում է այս երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է իրավիճակին, որը զարգանում էր պետության մեջ»։

Գազի գնի փոփոխությունները հնարավոր կլինի քննարկել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համապատասխան հայտ ներկայացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից: Եթե այն մեկ խմ-ի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։
Այդ մեխանիզմը ներդրվել է դեռևս 2013թ․-ի համաձայնագրում, սակայն դրա կիրառումը հետաձգվում էր։ Այժմ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից, և սահմանին վերջնական գինը կախված կլինի գազի էներգետիկ արժեքից։ Բայց խոսքը սահմանին հաշվարկվող գնի մասին է, իսկ վերջնական սպառողների համար սակագինը կարող է փոփոխվել տարին մեկ անգամից ոչ հաճախ (այսինքն՝ կալորիականության տատանումները, սկսած 2021թ․-ի ապրիլի 1-ից, հաշվի կառնվեն միայն 2022թ․-ի ապրիլի 1-ից)։
Նախորդ տարի այն կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500), իսկ հաշվի առնելով, որ 8 300-ը 5 տոկոսով շատ է, քան 7 900-ը, ապա այլ հավասար պայմանների դեպքում գինը կարող է աճել 5 տոկոսով։
«Բայց դա՝ հենց այլ հավասար պայմանների դեպքում, քանի որ կալորիականությունը գործոններից միայն մեկն է, կարող են նաև այլ գործոններ լինել։ Թե ինչպիսի, վերջնականապես պարզ կդառնա, երբ «Գազպրոմ Արմենիան» սակագնի փոփոխության հայտ ներկայացնի։ Դրան կցված կլինի ֆինանսական հաշվետվությունը՝ եկամտի և ծախսի հոդվածներով, որոնցից ամեն ինչ վերջնականապես պարզ կդառնա»,-պարզաբանեց Բաղրամյանը։
Բացի այդ, նրա խոսքով, որքան գազն ավելի կալորիական լինի, որքան սպառողն ավելի կալորիական գազ ստանա, այնքան ավելի քիչ գազ կվառի։
Անդրադառնալով նրան, որ կա պայմանավորվածությունը, որ սահմանին գազի բազային սակագինը առաջիկա 10 տարում չպետք է փոխվի, պետք է մնա 165 դոլար, որի դիմաց Հայաստանը պարտավորվել է ապահովել «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայանի շահութաբերությունը և նրա համար սակագինը բարձրացնել այնպես, որ կայանը տարեկան ստանա լրացուցիչ 31,79 մլն դոլար եկամուտ, Բաղրամյանն ասաց.
«Եթե մեր գործընկերները 165 դոլար սակագնի փոփոխման հարց բարձրացնեն, մենք էլ մեր հերթին կկարողանանք փոփոխել այդ 31,79 միլիոնը»:
Նա ընդգծեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» պետք է շարունակի ավելացնել ցանցի արդյունավետությունը, որպեսզի կրճատի համակարգում գազի կորուստները։ 2020թ․-ին այդ նպատակով արդեն վերանորոգվել է Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գազատարի հատվածը, որը տարիներ շարունակ չէր վերականգնվել։ Դա թույլ է տվել տարեկան մոտ 30 միլիոն խորանարդ մետր գազ խնայել։
«Այժմ «Գազպրոմի» հետ քննարկվում է մոտակա մի քանի տարվա համար այդպիսի նորոգման աշխատանքների գրաֆիկը, որպեսզի մենք միասին նպատակ դնենք, թե քանի տարում և որքանով են կրճատվելու կորուստները։ Դա թույլ կտա սակագներ ձևավորել նաև հաջորդ տարիների համար։ Այժմ այդ քննարկումները ավարտական փուլում են»,-ավելացրեց Բաղրամյանը։
Նշենք, որ 2020թ․-ի արդյունքներով` Հայաստանի մայրուղային և բաշխիչ համակարգերում գազի կորուստները կազմում են մոտ 5,7 տոկոս: «Գազպրոմ Արմենիայի» ծրագրով մինչև 2025 թվականը կորուստների մակարդակը պետք է նվազի մինչև 3,9 տոկոս, իսկ մինչև 2030 թվականը՝ մինչև 3,0 տոկոս:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։
Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։