Այսօր ճանաչողական այցով Սպիտակ համայնքում էին Աղետների կառավարման բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Սերգեյ Գևորգյանը և ՀԿԽԸ Սպիտակի տարածքային մասնաճյուղի տնօրեն Արտաշես Կարապետյանը։ Հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և համայնքի ղեկավարի խորհրդական (տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու) Էռնեստ Խաչատրյանը։ Հանդիպման սկզբում հյուրերը նախ շնորհավորեցին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և մաղթեցին բեղուն աշխատանքային գործունեություն, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ իրենց հաջողվելու է գրանցել նորանոր հաջողություններ։
Ծավալված զրույցի ընթացքում հյուրերը համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց պատմությունը, առաքելությունը և նպատակը, փորձը, խոսեցին նաև իրենց գործունեության ընթացքում հանդիպած մի շարք խնդիրների մասին, նշելով, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին և հնարավորինս բավարարել նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։ Ջերմ ու բովանդակալից զրույցի ավարտին հետագա համագործակցության և հարաբերությունների ընդլայնման մեծ ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց։