Լոռու մարզպետ, Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն անհեթեթ է համարում պնդումները, թե Մամիկոն Ասլանյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում։ Ասում է՝ տեղյակ էր՝ սեպտեմբերին Պետական վերահսկողական ծառայությունն ստուգումներ էր իրականացնում համայնքապետարանում։ Գիտեր, որ խախտումներ հայտնաբերվել են, բայց դրանց բնույթի ու իրավական գործընթացի մասին մամուլից է իմացել։
Հարցին, թե արդյո՞ք իրավաչափ է կալանքի տակ պահել ամենաշատ թվով քվե ստացած թեկնածուին, երբ նոր ձևավորված ավագանին ընդամենը մի քանի օրից համայնքի ղեկավար է ընտրելու, պնդեց, թե չեն միջամտում իրավապահների գործողություններին։
«Ընտրությունների ցանկացած փուլում նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելը կարող էր շահարկվել»,- ասում է մարզի ղեկավարը։
Մամիկոն Ասլանյանի գործը հենց հիմա դատարան հասցնելը, դատախազության 2 տարվա անգործությունը քաղաքական հետապնդման մասին են հուշում. իրավապաշտպան
Ավելին, Արամ Խաչատրյանը կասկածներ է հայտնում, թե համայնքապետարանում քարոզարշավի շրջանում վարձավճարների անվան տակ երեք միլիոն դրամի ֆինանսական մուտքեր են արվել, որոնք կարող են որպես ընտրակաշառք դիտարկվել։
«Մուտքերն ավելացել են, այսինքն` բնակվարձի, աղբի վարձի և այլն, սրանք կասկածելի գործողություններ են, որ կարող էր նաև ազդել ընտրությունների վրա», — նշում է նա` հավելելով` ուսումնասիրել են՝ հիմնականում անապահով անձանց անունով են արվել վճարումները։ Դա է հենց կասկածի տեղիք տվել մարզի ղեկավարին, որ առայժմ ստուգում է փաստերը. «Այս պահին մեր ունեցած ռեսուրսներով, հարկ եղած դեպքում, իհարկե, կդիմենք իրավապահ մարմիններին»: