Կինը հետքովիդյան և հետպատերազմական շրջանում.

916

ՄԻԳ մարզային ռադիոյի եթերում Կինը հետքովիդյան և հետպատերազմական շրջանում»  հաղորդումն է․
Հեղինակ՝ Նարինե Մաթևոսյան․

Մեր հյուրերը՝
Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ՝ Գայանե Քալանթարյան․
Նշեմ, որ տիկին Քալանթարյանն արդեն 6-րդ անգամ ընտրվում է Վանաձորի, այս անգամ արդեն որպես խոշորացված համայնքի ավագանու անդամ․
Եվ, մեր հաջորդ հյուրը՝ Աշխեն Բաբայանը, Սպիտակի Հելսինկյան խումբ, իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ, ընտանեկան բռնության հարցերով փորձագետ.

Հայաստանն աշխարհում առանձնանում է ընտանիքում տղա երեխաների նկատմամբ ունեցած նախընտրությամբ:
Ըստ «Կովկասի հետազոտական ռեսուրս կենտրոնների» 2021թ․ փետրվար-մարտ ամիսներին կատարած հետազոտության՝ հարցվածների 55 տոկոսը՝ կեսից մի քիչ ավելին՝ մատնացույց են արել, որ երեխայի սեռի հետ կապված որևէ նախապատվություն չունեն, եթե ընտանիքում կա մեկ երեխա,
իսկ 34 տոկոսը նշել էր, որ կնախընտրեին, որ երեխան տղա լինի։
Այս թվերը նշանակալիորեն տարբերվում են 2010թ․ այս նույն հարցին տրված պատասխաններից, երբ հարցվածների 54 տոկոսը նախընտրում էր տղա երեխա, 10 տարվա ընթացքում ունենք ուղիղ 20 տոկոս դրական տեղաշարժ։
Բայց, իհարկե, սա չի փոխում դեռևս հայ հասարակության մեջ կարծրատիպերն ու ընկալումները․

Կանանց դեմ ընտանեկան բռնությունները շարունակում են լայն տարածում ունենալ և դրանք առավել սրվեցին քովիդ-19-ի շրջանում․ դրանք նոր կորոնավիրուսի հետ կապված տեղաշարժի սահմանափակումներով էին պայմանավորված նաև:
ՄԻՊ-ն իր 2020թ․ տարեկան զեկույցում նշում է, որ Եղել են հաղորդումներ, որ սեռական ու ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանությունը, հատկապես Երևանից դուրս, դժկամությամբ է միջոցներ ձեռնարկել ու չի խրախուսել կանանց կողմից բողոքների ներկայացումը:

Գործող օրենսդրության համաձայն ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը որակվել են որպես թեթև կամ միջին ծանրության գործեր, իսկ կառավարության կողմից չի ձևավորվել այս հանցանքներով զբաղվող բավարար քանակությամբ կին ոստիկանների և քննիչների կադրային բազա այս հանցագործությունները պատշաճ հասցեագրելու համար:

Կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների կանխարգելման գործում մեծ է հասարակական կարծիքն ու հասարակության դերակատարումը։
2021թ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցման կենտրոններ դիմել է 1134 անձ, ընտանեկան բռնության ենթարկված 38 կին և 58 երեխա ապաստարան են տեղափոխվել, ոստիկանությունը փոխանցում է, որ այս տարի ընտանեկան բռնության և կնասպանության դեպքերը 1-ով նվազել է․ 2020-ին 5 կին է բռնությամբ սպանվել, 2021թ․-ին 4․
2020թ․-ին ընտանեկան բռնությունների հետ կապված ահազանգերի թիվը 444 է եղել, այս տարի՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 364․
Օրինակ կանանց ռեսուրս կենտրոնը նշում է, որ այս տարի 2658 զանգ են ստացել կանանցից․

Փորձը վկայում է, որ կանանց իրավունքների խախտումները հաճախ կապված են լինում իրազեկման ու գիտելիքների պակասի հետ, ուստի այս գործում մարդու իրավունքների կրթությունը կամ իրազեկումը նույնպես առաջնահերթ կարևորություն ունի և այստեղ նաև կնոջ կամքն է շատ կարևոր․..

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ