Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։ Արցախյան մարտերին մասնակցել են աթլետիկայի դպրոցի սաներից շատերը, նրանցից 3-ը զոհվել են։ Առաջնությանը ներկա էին նաև զոհված մարզիկների հարազատները։

Մրցույթի նպատակն էր նաև ի հայտ բերել մարզադպրոցի լավագույն սաներին՝ հավաքական թիմերում ընդգրկելու համար և նպաստել մարզիկների վարպետության աճին։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը․
— Այս առաջնությունն առիթ է, որ մեկ անգամ ևս հիշենք ու գնահատենք մեր զինվորների սխրանքը և վառ պահենք հերոսացած մարզիկների հիշատակը, հաղթական ելույթներ եմ մաղթում ձեզ,- ասաց Հ․ Ավետիսյանը։

Առաջնությանը մասնակցեցին Վանաձորի, Գյումրու, Արտաշատի, Կապանի, Երևանի մարզադպրոցների շուրջ 200 մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր տարիքային խմբերում հանդես գալով 32 մրցաձևերում։
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով: