Գլխավոր ԼՈՒՐԵՐ Ինչու կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը. ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են

Ինչու կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը. ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են

972

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 14-ին:

«Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար Վանաձորի քաղաքապետարանը 3 անգամ դիմել է Վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով: Առաջին անգամ դիմել է 2020 թվականի մարտի 18-ին, այնուհետև 2021 թվականի փետրվարի 1-ին, իսկ երրորդ անգամ՝ 2021 թվականի մարտի 1-ին: Դիմել են դրական եզրակացություն ստանալու համար, սակայն ամեն անգամ հանձնաժողովը տվյալ փաթեթները հետ է վերադարձրել՝ լրամշակումներ անելու առաջարկություններով, քանի որ դիմումներում եղել են թերացումներ: Երրորդ գրությամբ դիմելուց հետո քաղաքապետարանից այլևս ոչ մի արձագանք չի լինում, և քաղաքապետը՝ Մամիկոն Ասլանյանը, ինքնուրույն, իր որոշմամբ, փոխում է հողի նպատակային նշանակությունը, ինչի իրավունքը չուներ: Դա ամրագրված է ՀՀ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով»:

Թադևոսյանի խոսքով՝ այդ հողատարածքներն ի սկզբանե եղել են հասարակական խառը կառուցապատման տարածք: Այդեղ նախատեսված են եղել կառուցել, օրինակ, խանութներ, սննդի կետեր, կրպակներ, իսկ դրանց նպատակային և գործառնական նշանակությունները այդ կերպ փոխելուց հետո արդեն նախատեսել են կառուցել գերեզմաններ:

«Սակայն այդ փոփոխությունը ևս չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Օրինակ՝ մասնավոր գերեզմանները 3 հեկտարից պակաս տարածք չպետք է ունենան, ավելին՝ բնակելի շինություններից, դպրոցներից պետք է լինեն 300 մետր հեռավորության վրա և այլն»,- ասաց Թադևոսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը, անդրադառնալով մեկ ուրիշ դրվագի, ընդգծեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշվում են այն հողերի շրջանակը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարման ենթակա չեն: Այդ հողերի ցանկում են նաև հասարակական կանաչ տարածքները, սակայն վանաձորյան այսօրինակ տարածքներում ևս առկա են խնդրահարույց դրսևորումներ:

«Դրանք հնարավոր է վաճառել միայն մեկ պարագայում, եթե դրանց նպատակային նշանակությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ենթարկվել է փոփոխության և հաստատվել համայնքի ավագանու որոշմամբ: Հասարակական կանաչ տարածքներ են, օրինակ, այգիները, զբոսայգիները, պուրակները և այլն: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը, 2 այդպիսի հողատարածքի նպատակային նշանակություն չփոխելով, որպես սովորական հողակտոր վաճառել է Վանաձորի բնակիչներին՝ Վանաձորի քաղաքապետի որոշումով: Կազմել են նաև տեղեկանք, թե Ուսանողական փողոցի 14/1-9 և 14/1-10 հասցեներում գտնվող հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, այսինքն՝ կատարվել է նաև կեղծիք:

Նաև կան անգամ տվյալներ՝ նախապես հայտնի գնորդին ասվել է, որ աճուրդին մեկից ավելի մասնակից ունենալու՝ աճուրդի կայացումն ապահովելու նկատառումներով գնորդն այդ գործընթացում որպես մասնակից ներգրավի իր ծանոթներից մեկին»:

Ավելին, նախաքննական մարմնի տեղեկացմամբ, Վանաձորի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը քաղաքացիներից մեկը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցրել է այլ նպատակով՝ դրանցում հուղարկավորություններ են կատարել:

«2020 թվականի հունվարի 20-ին 14 գերեզմաններ են եղել այդտեղ կառուցված: Քաղաքացին այդ հողատարածքը ձեռք է բերել, հետո՝ այն նվիրաբերել իր մայրիկին: Տվյալներ են ստացվել, որ նվիրաբերողի ամուսինն է զբաղվել այդ հողատարածքների հարցերով, որը ժամանակին Լոռու մարզում եղել է բարձրաստիճան ոստիկան և մտերիմ է եղել Մամիկոն Ասլանյանի հետ: Այս գործով քաղաքապետարանը պարտավոր էր վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացուն՝ ապօրինի շինարարության համար, սակայն 14 գերեզմանատների առկայության դեպքում քաղաքապետարանն այս անձին ընդամենը մեկ անգամ է վարչական պատասխանատվության ենթարկել: Ինչից հետո ևս շարունակվել են այդ տարածքում գերեզմանատների կառուցումը»,- ասաց կոմիտեի խոսնակը:

Դիտարկմանը, որ Ասլանյանի՝ դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաղթանակ տանելուց հետո կալանավորումը խոսակցությունների տեղիք է տվել, որոշների պնդմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, Թադևոսյանը վստահեցրեց՝ ՀՀ քննչական կոմիտեն հեռու է քաղաքականությունից:

«Դեպքերից մեկը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 12-ին, իսկ քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 14-ին: Այսինքն՝ ընդամենը վերջերս են տեղի ունեցել դեպքերը: Բնականաբար, այս ուղղությամբ պետք է քննություն ընթանար, մարդիկ հարցաքննվեին, դա մեկ օրվա աշխատանք չէ, և քննչական գործողություններն իրենց սահմանված ընթացակարգով հասել ու ընդամենը համընկել են տարվա այս ժամանակահատվածի հետ, առանց որևէ քաղաքական ուղղվածությունների:

Քննիչները եղել են Վանաձորում, կատարել քննչական և դատավարական մի շարք գործողություններ: Մենք քաղաքական հարցերով չենք զբաղվում, հեռու ենք դրանից: Քննչական կոմիտեն առաջնորդվում է միայն օրենքով: Եթե կան ապացույցներ, և դրանք բավարար են, ապա մենք կատարում ենք համապատասխան գործողություններ, այլ կերպ լինել չի կարող»,- վստահեցրեց Վարդան Թադևոսյանը:

Հարցին՝ նախաքննության արդյունքում այլ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ի հայտ եկե՞լ են, նա նշեց, որ այս պահին դեռևս այսքանն է, ինչպես նաև հավելեց՝ ներկա պահին ևս մեկ այլ քրեական գործ կա հարուցված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց նկատմամբ:

«Չեմ ցանկանում դեռ չակերտները շատ բացել»,- եզրափակեց խոսնակը:

Անյուտա Աթանեսյան

Նյութի աղբյուր` https://www.armtimes.com/hy/article/227628