Լոռու մարզ. Չդադարող ձյունը և չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին. (լուսանկարներ)







Հայաստանում արդեն քանի օր է առատ ձյուն է տեղում: Ըստ «Անկյուն+3» հեռուստաընկերության ռեպորտաժի, տեղացած առատ ձյունը վտանգավոր վթարային իրավիճակ է ստեղծել Վահագնիից- Սատանի Կամուրջ կոչված հատվածում: Բեռնատարների վարորդները ճանապարհին են մնացել գիշերվանից, ժամը 12:00-ի դրությամբ չէին կարողանում երթեւեկել նաեւ մարդատար ավտոմեքենաները ճանապարհի խցանման պատճառով: Խցանման մեջ հայտնված վարորդները նշել են , որ չկան ճանապարհի ձմեռային սպասարկում իրականացնող տեխնիկա եւ աշխատակիցներ: Վարորդներն ասում են` ճանապարհն անտերության է մատնված:
ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Հանրապետության տարածքում`
Մարտի 20-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-22-ը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 20-ին՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25 ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սուրենյանը պարբերաբար Հայաստանի տարբեր հատվածներից լուսանկարներ է հրապարակում, որտեղ պատկերվում են գարնանային ձյան տեսարանները:
ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Լուռու մարզի Մարգահովիտ գյուղում ձյան ծածկը հասնում է 80սմ-ի»։



«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Աշոցքի տարածաշրջանի՝ Մ-1 միջպետական նշանակության Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ախուրյանի տարածաշրջանի՝ Ջաջուռի լեռնանցքը սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մեղրիի և Սարավանի լեռնանցքները, Դիլիջանի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան (Սարավան-Զանգեր և Գորայք-Սիսիան) ավտոճանապարհը առատ ձյան և բքի պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար փակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ՝ անվտանգ երթևեկության նկատառումներից ելնելով։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: