Գլխավոր Блог էջ 7

Անցկացվել է Սամսոն Խաչատրյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշար

🥊 Հունիսի 11-14-ը Վանաձորի մարզապալատում անց է կացվում Սամսոն Խաչատրյանի անվան բռնցքամարտի միջազգային առաջին մրցաշարը, որին մասնակցել են 6 երկրների (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մոլդովա, Գերմանիա, Իսրայել) 15-16 տարեկան ավելի քան 70 բռնցքամարտիկներ:
🎗 Հատուկ մրցանակ է սահմանված 54 կգ քաշային կարգում, որում հանդես է եկել ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1979-1983), Եվրոպայի չեմպիոն (1985), 1986 թվականի «Բարի Կամքի խաղերի» արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ, անվանի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը:

🏵 Մրցույթը կազմակերպվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի և ՀՀ պատանիների հավաքականի մարզիչ Արթուր Ուլիխանյանի նախաձեռնությամբ և Վարոս Պետրոսյանի հովանավորությամբ:

🏆 Եզրափակիչ մենամարտին այսօր ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզական աշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր։

🗯 Փոխմարզպետը ողջունել է մրցաշարի կազմակերպիչներին, բոլոր մասնակիցներին և հաղթողներին: Նա կարևորել է նման միջազգային մրցաշարերի անցկացումը Վանաձորում, ոչ միայն սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խթանման առումով, այլև մարզական զբոսաշրջության ակտիվացման տեսանկյունից:

  🥇 Հ. Ավետիսյանը մասնակցել է նաև պարգևատրման արարողությանը:

Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներ

Հունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։

Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն անցան գործի: Տուժողից ընդունվեց հաղորդում: Նա պատմեց, որ Ապարան քաղաքի վերջնամասում կանգնեցրել է կարմիր գույնի ավտոմեքենա, որի մեջ եղել են վարորդն ու նրա կողքը նստած ուղևոր: Խնդրել է իրեն հասցնել Հաղպատ, նրանք համաձայնել են՝ հայտնելով, որ գնում են Վանաձոր: Հաղպատ չհասած մեքենան կանգնեցրել են, վարորդը ներսից փակել է դռան փականները, իսկ ուղևորը շրջվելով` տուժողի պարանոցին է մոտեցրել դանակ և պահանջել, որ տա մոտը եղած ողջ գումարը։ Ըստ նրա` ձեռքերով պաշտպանվել է, փորձել դուրս գալ մեքենայից, սակայն ուղևորը դանակով մի քանի անգամ հարվածել է ազդրին՝ փորձելով գրպանից հանել դրամապանակը։ Այդ ընթացքում կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից:

Զբոսարջիկը տեղափոխվեց բուժօգնության, իսկ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արագ արդյունք տվին: Քրեական ոստիկանության Տավուշի և Լոռու մարզային վարչությունների և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև պարեկների համագործակցված աշխատանքի արդյունքում դեպքից կարճ ժամանակ անց Նոյեմբերյան քաղաքում հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին «Օպել Աստրա» մակնիշի կարմիր մեքենայի վարորդ, Վանաձորի Երևանյան խճուղու բնակիչ 33-ամյա տղամարդն ու Գյումրիի Շիրակշին բանավանի բնակիչ 28-ամյա ուղևորը:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերված բջջային հեռախոսին կային արնանման հետքեր, իսկ ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ 100-դոլարանոց, 12 հազարի թղթադրամ և մետաղադրամներ:
Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վանաձորցին ու գյումրեցին տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լոռու մարզի 36 մանկավարժ հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույնները 2024-2025» մրցույթի անվանակարգերում

Լոռու մարզի 36 մանկավարժ ուսումնական տարվա ընթացքում հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույնները 2024-2025» հանրապետական մրցույթի տարբեր անվանակարգերում
—————————————————
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները 2024-2025» մրցույթի արդյունքներով Լոռու մարզը ներկայացնող 36 մանկավարժ հանրապետության մասշտաբով լավագույնն են ճանաչվել իրենց աշխատանքում։
Մասնավորապես՝
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն» են ճանաչվել ճանաչվել Վանաձորի թիվ 8, Վանաձորի Գայի անվան թիվ 21 և Նեղոցի Ա.Բեգջանյանի անվան հիմնական դպրոցների տնօրեններ Անուշ Սարուխանյանը, Աղասի Թովմասյանը և Արևիկ Սոսինյանը,
«Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ» է ճանաչվել Վանաձորի Ս.Շահումյանի անվան հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Աննա Պլուզյանը,
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ» են ճանաչվել.
«Հայոց լեզու և գրականություն» բնագավառ՝
Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 դպրոց՝ Սվետա Դալլաքյան,
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց՝ Ալիսա Գալստյան,
Ալավերդու Հ.Թումանյանի անվան թիվ 2 դպրոց՝ Գոհար Գալստյան,
Նեղոցի Ա.Բեգջանյանի անվան հիմնական դպրոց՝ Արփինե Շահվերդյան,
Ջրաշենի միջնակարգ դպրոց՝ Տաթևիկ Մանուկյան։
«Արվեստ և արհեստ» բնագավառ՝
Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց՝ Մերի Դավթյան,
«Օտար լեզուներ» բնագավառ՝
Վանաձորի մաթեմատիկա և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց՝ Վալյա Գալոյան (անգլերեն),
Լեռնանցքի Մ.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց՝ Հասմիկ Դիլբարյան (անգլերեն),
Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց՝ Արփինե Ռուբենյան:
«ԲՏՃՄ» բնագավառ՝
Շահումյանի միջնակարգ դպրոց՝ Հայարփի Խաչատրյան (կենսաբանություն),
Վարդաբլուրի միջնակարգ դպրոց՝Գայանե Ասրյան (ԹԳՀԳ),
Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց՝ Նելլի Ստեփանյան (կենսաբանություն),
Վանաձորի Ա.Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոց՝ Վեհանուշ Մարտիրոսյան (ֆիզիկա),
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց՝Անուշ Թորոսյան (ԹԳՀԳ),
Արևածագի Կ.Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց՝ Աննա Անդրեասյան (բնություն):
«Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառ՝
Հաղպատի միջնակարգ դպրոց՝ Արման Սիմոնյան,
Սվերդլովի միջնակարգ դպրոց՝ Լուսինե Ասուլյան:
«Հայրենագիտություն» բնագավառ՝
Վանաձորի Ա.Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոց՝ Լիլիթ Մինասյան,
Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց՝ Նազիկ Գիշյան,
«Քարհանյան դպրոց» ՍՊԸ՝ Լուսինե Նահապետյան:
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառ՝
Ալավերդու Մ.Թանդիլյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց՝ Արմինե Փափազյան (ՆԶՊ):
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար» է ճանաչվել Վանաձորի Վ.Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի ուսուցիչ Լիլի Անտոնյանը։
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար» են ճանաչվել Վանաձորի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 1 և Ալավերդու Մ.Թանդիլյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցների խմբակավարներ Ալիսա Մխոյանը և Էմմա Մանթաշյանը:
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան» անվանակարգում լավագույնն են ճանաչվել Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 հիմնական, Ալավերդու Մ.Թանդիլյանի անվան թիվ 10 և Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոցների հոգեբաններ Լուսինե Ներկարարյանը, Նունե Ամբարդանովան և Մանե Վեքիլյանը։
«Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցչի օգնական» են ճանաչվել`
Ալավերդու Մ.Թանդիլյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց՝ Ոսկեհատ Վահրամյանը, Թինա Երիցյանը,
Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց՝ Հայարփի Էդիլյանը,
Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց՝ Տաթևիկ Հովհաննիսյանը, Մերի Գալստյանը,
Սվերդլովի միջնակարգ դպրոց՝ Սյուզաննա Դոլմազյանը,
Վանաձորի Վ.Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց՝ Լիլիթ Գալստյանը, Լիլիթ Բրուտյանը։
Մրցույթում լավագույնի կոչմանն են արժանանում այն մասնագետները, որոնք իրենց աշխատանքով առավելագույն կերպով նպաստում են կրթական նոր չափորոշչի իրացմանը։
Շնորհավորում ենք մեր մանկավարժներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Նախնական տվյալներով՝ գազի պայթյուն Ճամբարակ քաղաքում

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ  և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն կան տուժածներ և չորս զոհ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Անցկացվել է «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը

Այսօր՝ հունիսի 9-ին, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում անցկացվել է «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը:

Աշխատանքային խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից նախորդ նիստից հետո ընկած ժամանակաշրջանում կատարված աշխատանքները ու նաև տեղեկացրել, որ նիստի հյուրերն են «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հկ ծրագրի ղեկավար Մարիամ Ղարիբյանը և նախագծի մասնագետ Ջեմմա Հովհաննիսյանը: Վերջիններս ներկայացրել են հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին և ընտանիքի անդամներին», «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրերը և իրազեկել, որ կազմակերպությունը գործարկել է «Անվճար ծառայությունների տրամադրման հարթակ» և «Հուզական աջակցության թեժ գիծ»՝ 📞0800 00 900 հեռախոսահամարով:

Հ. Ավետիսյանը կարևորել է կազմակերպության պատրաստակամությունը՝ համագործակցելու Լոռու մարզի համապատասխան պետական և հասարակական կառույցների հետ՝ ընդգծելով, որ այդ գործակցությունը մեծապես կարող է նպաստել ոլորտին առնչվող մի շարք մարտահրավերների հաղթահարմանը:

«Արփի» հկ նախագահ Սոֆիկ Մինասյանը տեղեկատվություն է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ մասնավորապես զոհվածների, զինհաշմանդամների, անհետ կորածների ընտանիքների անդամներին, պատերազմ մասնակից զինծառայողներին, ԼՂՀ բռնի տեղահանված ընտանիքներին ուղղված հոգեբանական աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև «Խնամք» հկ-ի Սպիտակի խնամքի տան(պատասխանատու Բավական Պետրոսյան) գործունեությանը, կենտրոնի շահառուների մասնակցությամբ մշակութային միջոցառումներին, ինչպես նաև «Լուսաստղ» բարեգործական հկ-ի(նախագահ Անի Գաբրիելյան) կողմից իրականացվող «Հոգեկան առողջության խնամքը` հույզերի կառավարման գրավական» ծրագրին:

Քննարկվել են կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ տարբեր սոցիալական խմբերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:

Ներկաները Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ շրջել են նաև հաստատությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: