Գլխավոր Блог էջ 146

Բռնության ենթարկված կինը հաշտության համաձայնվեց.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ հոկտեմբերի 12-ին կայացավ Կ. Գալստյանի գործով հերթական դատական նիստը:

Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։  Լ. Խաչատրյանըպատմել էր, որ 2020թ. հուլիսի 16-ին հերթական վեճի ժամանակ՝ իրենց տանը,  Կ. Գալստյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Ամբաստանյալի շահերի պաշտպան Գագիգ Նալբանդյանը միջնորդություն ներկայացրեց դատարան այն մասին, որ գործում այլևս տուժող կողմ չկա: Կ. Գալստյանը և Լ. Խաչատրյանը համաձայնության են եկել և հաշտվել են: Փաստաբանը առաջարկեց, որ օրենքի համաձայն, եթե կողմերն այլևս իրարից որևէ պահանջ չունեն, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը փորձեց նաև ճշտել, արդյոք կողմերի միջև հաշտությունը կամավոր է, հիմնաված է երկկողմանի համաձայնության վրա և չի եղել արդյոք որևէ սպառնալիք: Ապա լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը:
Լոռու մարզի դատախազ՝ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր շահերի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,  նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ կարճել գործի վարույթը՝ հաշտեցման հիմքով:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»   ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Նարինե Մաթեւոսյան

Ինքնակամ բակը մաքրելու, բարեկարգելու գործը…

 

Մեր շենքի բնակիչներից մեկն է վարպետ Ռոբերտը…
Ինքնակամ, իր պարտադիր պարտականությունների մեջ է դրել բակը մաքրելու, բարեկարգելու գործը…
Սովորաբար բակի աղբը հավաքում էր` միշտ ձեռնոցներով, հատուկ տոպրակների մեջ (սկզբում նույնիսկ մտածում էի, թե համատիրության աշխատակից է, թեև զարմանալի կլիներ🙂). մի օր էլ գործից եկա, տեսա բանջարներն էր հնձել պատնեշի վերևում, մեքենան մոտ կայանելիս լրիվ գլխին էր թափվում. երեկ էլ` շարունակում էր սկսածը.
-Ինչ եմ անում, որ նկարում ես, մի նկարի, ես էդ տեսակ բաներ չեմ սիրում…
-Թող բոլորը տեսնեն, ախր ձեր մուտքը 4-րդն է, շենքի էս հատվածը ձեր կողմից չի էլ երևում, բայց տարբերություն չեք դնում…
— Ինչ կա որ, մեկը պիտի անի, չէ՞. Ուրիշը չի կարող, տեսեք, ես գործիքներ ունեմ, հա, էս հողն էլ հենց էնպես չեմ թափելու, էս փոսերը պիտի լցնեմ քարերի հետ, ուղղեմ, միշտ անում եմ, սելավը շատ է քանդում, մի նկարի, զրուց ենք անում, շնորհակալ եմ, որ գնահատում ես…
Արփիկ, ասա,-դիմում է պատուհանից մեզ միացած Արփիկ տատին,-ես ինչ ասեմ, տեսնում են, գիտեն…
Ու Արփիկ տատը ծանոթացնում է, պատմում…
Ինձ համար, մեզ համար է անում վարպետ Ռոբերտը ու դեռ ինքն է շնորհակալ…
Էսպիսի Մարդիկ են ապրում մեր կողքին, հպարտանալու Մարդիկ…
Անկեղծ շնորհակալ ենք, լավ մարդ, մեր վարպետ Ռոբերտ, այսօր իմացա Ձեր անունը ու որ հարևաններ ենք…
Հ. Գ. Հա, հագուստն էլ աշխատանքային, բայց էնքան կոկիկ ու մաքուր… Գործիքներն էլ…
Ինչքան ժպիտ ու դրական տրամադրություն պարգևեց հոգնած գործից վերադարձողիս, բա ինչ հաճելի զրուցակից է, երբ խոսքն իրեն չի վերաբերվում😘

Նարինե Մաթևոսյան

Հիշատակն արդարոց, Օրհնությամբ եղիցի…

Վանաձորի Նարեկացի թաղամասում(3-րդ մաս),հոկտեմբերի 3-ին հանդիսավորությամբ բացվեց 44 օրյա պատերազմի  ժամանակ, թաղամասի մարտիրոսաված հերոսների անմահ հիշատակը հավերժացնող` խաչքար հուշաղբյուր:Նախաձեռնությամբ նույն թաղամասի բնակիչներ` Արեն Անանյանի և Կարեն Մաճկալյանի:

https://www.youtube.com/watch?v=wJY4IMqwYA0

Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի 2021թ աշխարհի չեմպիոն (Բացառիկ տեսանյութ)

Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի 2021թ աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ նվաճեց Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին (8-0), քառորդ եզրափակիչում՝ Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվային (5-0), իսկ կիսաեզրափակիչում 10-6 հաշվով պայքարի դուրս էր թողել Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինին:

‘Մեր 72 կգ քաշային մարզիկը եզրափակիչ մրցամարտում 3:1 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին և առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Մալխաս Ամոյանը` ըմբշամարտի 2021թ աշխարհի չեմպիոն

Սա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին մեդալն է Օսլոյում:

Երեխային կորցրած մայրը մեղադրվում է զրպարտության մեջ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ սեպտեմբերի 29-ին քննվում էր Նաիրա Այվազյանի գործը:
Նա մեղադրվում է զրպարտության մեջ։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և

գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը և հիշյալ հիվանդանոցի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը դատարան են դիմել։ Նրանք պահանջում են, որ դատարանը պարտավորեցնի Նաիրա Այվազյանին, հրապարակայնորեն ներողություն խնդրել Արշակ Ջերջերյանից,
ԶԼՄ-ների միջոցով հերքել վերը նշված ընկերության հաշվին  տարածած զրպատությունները։  Հայցվորները պահանջում են նաև, որ պատասխանող կողմն իրենց հասցված վիրավորանքի և զրպարտության համար, որպես փոխհատուցում յուրաքանչյուրին վճարի
1 մլն․ ՀՀ դրամ:Քաղաքացիական գործով դատական նիստին ներկա էր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փաստաբան՝ Սևակ Մարաբյանը, հայցվոր՝ Արշակ Ջերջերյանը և հայցվորի փաստաբան՝ Թեհմինե Հովսեփյանը:
Դատական նիստին ներկա չէր պատասխանող կողմը:
Հանրապետական Ինստիտուտի փաստաբան Սևակ Մարաբյանը դատարանին խնդրեց, որ նիստը շարունակվի առանց պատասխանող կողմի:
Նախագահող դատավոր Ալֆրեդ Վարդանյանը բավարարեց խնդրանքը, քանի որ պատասխանող կողմից նիստը հետաձգելու ոչ մի պահանջ չէր եղել:

Դատական գործընթացը դատաքննության փուլում է և, քանի որ  հայցվորների պահանջները տարբեր էին, նրանք պատասխանող կողմից իրենց պահանջներն առանձին-առանձին ներկայացրեցին դատարանին:
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փաստաբանը նշեց, որ Նաիրա Այվազյանը Հանրապետական հիվանդանոցին զրպարտել է ասելով, որ հիշյալ հիվանդանոցում զբաղվում են երեխաների վաճառքով, և իր երեխան չի մահացել: Այդ հայտարարությունները արվել են տարբեր լրատվամիջոցներով, ինչպես նաև ավելացրեց, որ ԴՆԹ անալիզի միջոցով բացահայտվել է, որ երեխայի դին պատկանում է Նարինե Այվազյանին և ապացուցվել է, որ հիվանդանոցի անձնակազմը ոչ մի հանցավոր գործունեություն չի իրականացրել: Փաստաբանը պահանջեց, որ պատասխանողը լրատվամիջոցներով հերքի բոլոր մեղադրանքները: Եվ որպես փոխհատուցում վճարի 1մլն․ ՀՀ դրամ:

Իսկ Արշակ Ջերջերյանի Փաստաբան Թեհմինե Հովսեփյանը, նշեց որ Նաիրա Այվազյանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, նրա հաշվին իրականությանը չհամապատասխանող տվյալներ է տարածել, որոնք արվել են նրան զրպարտելու, նսեմացնելու պատիվն ու արժանապատվությունը, գործարար հեղինակությունը վարկաբեկելու համար: Նաիրա Այվազյանն իր հարցազրույցում նշել է, որ իր երեխան չի մահացել այլ վաճառվել է ինստիտուտի և Արշակ Ջերջերյանի կողմից, քանի որ դատաբժշկական գիտահետազոտական կենտրոնի տվյալներում երեխայի դիակի չափսերը չեն համապատասխանել հիվանդանոցի կողմից ներկայացրած չափսերին, որից էլ մայրը ենթադրել է, որ իր երեխային փոխել են՝ առողջ երեխայի փոխարեն տվել են այլ՝ հիվանդ երեխայի դի:
Փաստաբան Թեհմինե Հովսեփյանը նշեց, նաև որ դիակի չափսերը կարող էր փոփոխվել ժամանակի ընթացքում և դատագենետիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխայի դին պատկանում է Նաիրա Այվազյանին: Փաստաբանը նշեց նաև, որ մյուս կանանց երեխաների մասով ևս բոլոր հնչած մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը և դեռևս կան գործեր, որոնք քննման փուլում են, փաստաբանն ավելացրեց, որ դրանք ևս զրպարտանք են, վերջիններիս երեխաները նույնպես մահացել են: Եվ ոչ մի ապացույց չկա որ հանրապետական ինստիտուտի անձնակազմը հանցավոր գործունեություն է իրականացրել: Եվ քանի որ այդ տեսանյութը դիտել են բազմաթիվ մարդիկ և հարցազրույցից ելնելով բացասական մեկնաբանություններ են գրել ինստիտուտի և փոխտնօրենի հասցեին, պահանջում են, որ սրա համար ևս Նաիրա Այվազյանը լրատվամիջոցներով ներողություն խնդրի Արշակ Ջերջերյանից և որպես փոխհատուցում վճարի 1մլն․ ՀՀ դրամ:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի փոխտնօրենը պնդում է, որ Նաիրա Այվազյանը հստակ իմանալով, որ իր երեխան մահացել է, դիտավորությամբ զրպարտել է թե հիվանդանոցին, և թե իրեն՝ բոլոր հարցազրույցներում շահարկելով իր անունը:

Դատարանը լսելով հայցվորների պահանջներն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Կարևոր ապացույցներից էր պատասխանողի բոլոր հարցազրույցները լրատվամիջոցներով: Որը դատարանը կարողացավ մանրամասն տեսնել դատական պրոցեսի ընթացքում: Եվ, հարց ու պատասխանի միջոցով, դատավոր Ալֆրեդ Վարդանյանը փորձեց հասկանալ, թե որ արտահայտություններն են հատկապես հայցվորները համարում զրպարտանք, և որը՝ վիրավորանք: Կային փաստաթղթեր նաև այն մասին, որ քրեական  գործի վարույթը  կարճվել է, և ապացուցվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի անմեղությունը, կային ինստիտուտի անմեղությունն ապացուցող այլ փաստաթղթեր ևս:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ալֆրեդ Վարդանյանի, դատական գործով վճիռը կհրապարակի սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Նարինե Մաթեւոսյան