ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ը նախաձեռնել է Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին քննարկումը, որն անցավ լարված մթնոլորտում։ Սարահարթ, Շենավան բնակավայրերի բնակիչները դեմ արտահայտվեցին հանքարդյունաբերական գործունեությանը և տապալեցին հանրային լսումները։
Հավաքված համայնքի բնակիչները իրականացրել են ստորագրահավաք, պահանջելով Սպիտակի տեղական ինքնակառավարման մարմիններից և շրջակա միջավայրի նախարարությունից տալ բացասական եզրակացություն տվյալ գործընթացի վերաբերյալ։
Բնակիչները պահանջ գրության մեջ նշել են, որ իրենց համայնքի ապագան կապում են կանաչ տնտեսության, անտառապատման, զբոսաշրջության զարգացման հետ և դեմ են հանքի թեմաներով ցանկացած տիպի լսումների։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշմանը «կողմ» է քվեարկել 93, «դեմ»՝ 24, «ձեռնպահ»՝ 58 մասնակից։
Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։
Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը աներևակայելի է համարում ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների՝ Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու փորձերը։ Նրա խոսքերով՝ այդ փորձերն աննախադեպ են։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բաղկացած է 47 անդամից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության ամբողջական կազմից երեք տարով։ Անդամությունը դադարեցնելու մասին որոշումը կարող է ուժի մեջ լինել մինչև խորհրդին որոշակի պետության անդամակցության ժամկետի ավարտը։ Հետագայում երկիրն իրավունք ունի կրկին դիմել անդամակցության համար։
Ինչպես տեղեկացրել էինք, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և շատ կառուցողական» որակելով հանդիպումը:
«ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին աջակցելու համար: Նաև աջակցում ենք վստահության կառուցման միջոցառումներին: Այս երեկո մենք զգալի առաջընթաց արձանագրեցինք:
Բոլորս միասին որոշեցինք մեկնարկել խաղաղության կոնկրետ միջոցառում՝ խաղաղության բանակցության համար, որպեսզի, ի վերջո, նախապատրաստվի խաղաղության համաձայնագիրը: Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները:
Նաև համաձայնել ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հանձնաժողով, որը նաև պետք է անդրադառնա սահմանազատման հարցերին, որոնք շատ զգայուն են:
Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում:
Դեռ վաղ է որևէ կանխատեսում անել, սակայն դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն ունեցան միմյանց անմիջականորեն հանդիպելու, լսելու միմյանց դիրքորոշումները և իմանալու՝ որոնք են դիմացի կողմի համար զգայուն թեմաները:
Միաժամանակ, ես երկու ղեկավարների հետ պարբերաբար հեռախոսակապ էի պահպանում: Մինչև այսօրվա երեկոյան ընթրիքը մենք նաև մեծ նախապատրաստական աշխատանք ենք կատարել անմիջական շփումների շնորհիվ:
Կարծում եմ՝ մենք քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջընթաց ունենք: Բնավ չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու բարդությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն։ Կա համագործակցելու ընդհանուր ցանկություն, կա առաջնահերթությունները որոշելու ցանկություն:
Վստահ եմ, որ այս երեկո մենք քայլ կատարեցին ճիշտ ուղղությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ ամեն ինչ արդեն լուծվել է: Այդուամենայնիվ, դա նշանակում է, որ կա առաջընթաց, քանի որ ավելի լավ ենք հասկանում՝ որոնք են այն հնարավոր տարրերը, որոնց շնորհիվ առաջընթաց կլինի, և, հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, բարգավաճում»,- ասել է Շառլ Միշելը։