Մ-6՝ Վանաձոր_Ալավերդի_Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհի շինարարության ավարտի վերջնաժամկետը կրկին երկարաձգվել է։
Սա արդեն չորրորդ ժամկետն է, որ պատասխանատուները սահմանում են մոտ 52 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգելու համար։
Հաղորդումն ամբողջությամբ՝
Վանաձորցի Նարինե Բալայանը գրեթե ամեն օր զինվորական համազգեստով է․ և այսպես՝ 10 տարուց ավելի։ Կոչումով սերժանտ է, հեռախոսակայանի պետ: Աշխատանքի ընդունվել է ոչ միայն կարիքից ելնելով՝ ընտանիքի միակ կերակրող ձեռքն էր, այլև սիրելով զինվորական կարգուկանոնը, իսկ տարիների ընթացքում այն դարձել է ապրելակերպ:
Հիշում է՝ կար ժամանակ, երբ զինվորական հագուստով կնոջը՝ հասարակությունն այլ աչքով էր նայում: Բայց ժամանակի հետ փոխվում են նաև մարդկանց հայացքները:
Նարինեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անբասիր ծառայության համար պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով: Բայց նրա պարգևները 3 երեխաներն են, որոնցից ավագ տղան՝ Վազգենը 3 պատերազմի մասնակից է: Պարգևատրվել Է արիության մեդալով:
44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեի 2 որդիներն էլ Ջրականի բարձունքն են պաշտպանել, բայց՝ տարբեր ջոկատներում:
Կրտսեր որդու՝ Արթուր Շեկոյանի ծառայության ավարտին 4 ամիս էր մնում, երբ սկսվեց պատերազմը: Ջրական գնալու իրողությունը մորից թաքցրել էր: Նարինեն 44-օրյայում հերոսացած որդու ձայնը վերջին անգամ լսել է նոյեմբերի 5-ին: Ցավով է հիշում, որ տղայի վերջին զանգն անպատասխան է մնացել:
Արթուրը 6 ամիս անհետ կորած է համարվել, մոր համար այդ 6 ամիսները կյանքի դժվարագույն օրերն էին՝ լի բազում հիասթափություններով, բայց միաժամանակ՝ հույսի չնչին շողով: Քանի որ այդ ընթացքում տարբեր վարկածներ կային Արթուրի հետ կապված: Հույսը չէր կորցնում, սակայն գույժը, այնուամենայնիվ, հասավ:
Կյանքի դժվարագույն փուլում Նարինեն մինչև անգամ զինվորական հագուստ կրելն էր դժվարանում, սակայն իր մեջ ուժ գտնելով շարունակեց ծառայել հայրենիքին:
Աշխատանքից տուն վերադառնալուց հետո Նարինե Բալայանը, հանելով զինվորական համազգեստը դառնում է ընտանիքի մայր, ով որդու կորուստ է տեսել, բայց ապրում է հանուն այդ նույն որդու, ով կյանքը չխնայեց հայրենիքի համար: Միայն մի ցանկություն ունի, որ այլևս աշխարհում պատերազմներ չլինեն:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և մարզպետարանի այլ պաշտոնյաներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի քոլեջի մասնաճյուղում այսօր ներկա գտնվեցին հողի անալիզի լաբորատորիայի և քիմիայի լսարանի պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Ավստրիայի Հանրապետության դեսպանության Տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ և ուսանողներ։
Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։
Նորագույն ու ճշգրիտ սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է․ այն կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես զուտ համալսարանի համակարգում գործող ուսումնահետազոտական, այլև առհասարակ, մարզային մակարդակում ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման կենտրոն։
Այստեղ կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև կիրականացվեն բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։
Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի Լոռու մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատվական կենտրոն։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, նշեց, որ լաբորատորիան այսօր անհրաժեշտություն է և՛ զարգացած կրթություն ունենալու, և՛ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար։
— Գյուղատնտեսության զարգացման համար հողի կառուցվածքը իմանալը կարևոր անհրաժեշտություն է, պետք է հասկանալ՝ ինչի կարիք ունի հողը։ Այսպիսով, մարզի հողօգտագործողներն այևս ստիպված չեն լինի անալիզի համար այլ քաղաքներ գնալ․ կխնայեն ժամանակ և միջոցներ,- ասաց փոխմարզպետը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ իր հերթին երախտագիտության խոսք ասաց համագործակցող կառույցներին՝ աջակցության համար։ Նա նշեց, որ այս նախաձեռնությունը միտված է աջակցելու առաջին հերթին գյուղատնտեսներին՝ օգնելով նրանց ունենալու բարձր բերքատվություն։
Ողջույնի խոսք ասաց նաև Կլաուս Կապպերը:
Հյուրերը շրջեցին տարածքով, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց :
5 շատ վստահ հաղթանակ, որից 3 նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային Արես Հակոբյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: