Սերժանտ Նարինե Բալայանը, ով մեծ հպարտությամբ է 10 տարի շարունակ կրում զինվորականի համազգեստը, 3 երեխաների մայր է (տեսանյութ)

854

Վանաձորցի Նարինե Բալայանը գրեթե ամեն օր զինվորական համազգեստով է․ և այսպես՝ 10 տարուց ավելի։ Կոչումով սերժանտ է, հեռախոսակայանի պետ: Աշխատանքի ընդունվել է ոչ միայն կարիքից ելնելով՝ ընտանիքի միակ կերակրող ձեռքն էր, այլև սիրելով զինվորական կարգուկանոնը, իսկ տարիների ընթացքում այն դարձել է ապրելակերպ:

Հիշում է՝ կար ժամանակ, երբ զինվորական հագուստով կնոջը՝ հասարակությունն այլ աչքով էր նայում: Բայց ժամանակի հետ փոխվում են նաև մարդկանց հայացքները:

Նարինեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից  անբասիր ծառայության համար պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով: Բայց նրա պարգևները 3 երեխաներն են, որոնցից ավագ տղան՝ Վազգենը 3 պատերազմի մասնակից է: Պարգևատրվել Է արիության մեդալով:

44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեի 2 որդիներն էլ Ջրականի բարձունքն են պաշտպանել, բայց՝ տարբեր ջոկատներում:

Կրտսեր որդու՝ Արթուր Շեկոյանի ծառայության ավարտին 4 ամիս էր մնում, երբ սկսվեց պատերազմը: Ջրական գնալու իրողությունը մորից թաքցրել էր: Նարինեն 44-օրյայում հերոսացած որդու ձայնը վերջին անգամ լսել է նոյեմբերի 5-ին: Ցավով է հիշում, որ տղայի վերջին զանգն անպատասխան է մնացել:

Արթուրը 6 ամիս անհետ կորած է համարվել, մոր համար այդ  6 ամիսները կյանքի դժվարագույն օրերն էին՝ լի բազում հիասթափություններով, բայց միաժամանակ՝ հույսի չնչին շողով: Քանի որ այդ ընթացքում տարբեր վարկածներ կային Արթուրի հետ կապված: Հույսը չէր կորցնում, սակայն գույժը, այնուամենայնիվ, հասավ:

Կյանքի դժվարագույն փուլում Նարինեն մինչև անգամ զինվորական հագուստ կրելն էր դժվարանում, սակայն իր մեջ ուժ գտնելով շարունակեց ծառայել հայրենիքին:

Աշխատանքից տուն վերադառնալուց հետո Նարինե Բալայանը, հանելով զինվորական համազգեստը դառնում է ընտանիքի մայր, ով որդու կորուստ է տեսել, բայց ապրում է հանուն այդ նույն որդու, ով կյանքը չխնայեց հայրենիքի համար: Միայն մի ցանկություն ունի, որ այլևս աշխարհում պատերազմներ չլինեն:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ