ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ՝ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան- Ֆրանսիա» խորագրով համաժողովին:

Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
Հռոմի պապը՝ Ուկրաինայում պատերազմի մասին. Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը

«Ուկրաինայում արյան եւ արցունքի գետեր են հոսում։ Սա պարզապես ռազմական գործողություն չէ, պատերազմ է, որը տարածում է մահ, ավերածություն եւ թշվառություն»,- այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Նա ընդգծել է, որ օրեցօր ավելանում է զոհերի թիվը , ինչպես նաեւ փախստականների, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ամեն ինչ անելու խաղաղության համար։ Նա կոչ է արել ապահովել մարդասիրական միջանցքներ, երաշխավորել կենսական օգնության հասանելիությունը ռումբերի տակ մնացած քաղաքացիներին։
«Պատերազմը խելագարություն է։ Կանգ առեք, աղաչում եմ, նայեք այս դաժանությանը»,- ասել է նա։
«Գյուղում կյանքը․․․ լավ է»․ երեք կողմից՝ ադրբեջանցի, միակ ճանապարհն էլ՝ անմխիթար
44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Խոզնավարի միջնակարգ դպրոցը 8-րդ և 11-րդ դասարանցի չունի։ Այդ տարիներին գյուղում երեխաներ չեն ծնվել։ Ամենաշատը առաջին և երկրորդ դասարանցիներն են՝ վեցական աշակերտներով։
«Իմ դպրոցական տարիներին բավականին շատ աշակերտ կար դպրոցում։ Մեր դասարանում 14 աշակերտ կար։ Բայց դպրոցն ավարտելու ժամանակ 7 հոգի էինք»,- ասում է 30-ամյա Հարություն Անդրիյանը։
Նա 2013-ից աշխատում է Խոզնավարի միջնակարգ դպրոցում։ Հիմա կրթօջախի փոխտնօրենն է, բայց նաև դասավանդում է հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հասարակագիտություն, ձեռնարկատիրական կրթություն առարկաները։
Հարությունին դպրոց բերել է ծնողների տված դաստիարակությունն ու հայրենի գյուղի նկատմամբ սերը։
Պատերազմը շատ բան է փոխել․ ադրբեջանցին 140 կիլոմետր հեռու էր, և գյուղը սահմանակից էր Քարվաճառի շրջանին, իսկ այսօր․․․ Երբ Խոզնավարը դարձավ սահմանամերձ, աշակերտներն էլ փոխվեցին, մի տեսակ շատ արագ մեծացան,- ասում է ուսուցիչը։ Հիմա խաղաղության մասին են մտածում ու անընդհատ զենքից, պաշտպանվելուց են խոսում։
«Գյուղում կյանքը․․․ լավ է»,- ասում է ընկեր Անդրիյանը, թեեւ անհանգստանալու առիթ կան։ Սեւ լճի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականները 2021թ մայիսի 20-ին Խոզնավարի ուղղությամբ առաջացել են 1.5 կիլոմետր ։
«Եթե երեք կողմից շրջափակված ես թշնամիներով, ինչպե՞ս կարող է անհանգստություն չլինի։ Գյուղը մեկ ճամփա ունի, որի դիմացը թշնամին չէ կանգնած, բայց այստեղ էլ ճանապարհի անբարեկարգ լինելն է անհարմարություններ ստեղծում։ Ինչ հիշում եմ էս հարցը լուծում չի ստանում։ Ու արդեն 30 տարի․․․»,- ասում է Հարությունը, ով ամեն օր իր մեքենայով անցնում է անբարեկարգ ճանապարհով և իր մաշվի վրա է զգում խորդուբորդ ճամփի դժվարությունները։
«Երբեք գյուղը լքելու մասին չեմ մտածել, նույնիսկ այսօր․․․»,- շեշտում է նա։
Սահմանամերձ դարձած Խոզնավարում երիտասարդներն հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց այստեղ էլ հիմա դժվարությունները շատ են՝գյուղը համ սահման է դարձել, համ էլ թշնամին վարչական տարածքի մի մասը զավթել է․․․ Ամեն գիշեր Խոզնավարի տղամարդիկ գյուղում հերթապահություն են իրականացնում՝ հսկելով, որ ադրբեջանցին չփորձի գյուղ մտնել։
Գյուղի ուսուցիչը պետությունից ակնկալիքներ չունի, այլ ընդհակառակը գտնում է, որ իրենք էլ ամեն բան պետության համար են անում։
«Ավելի շատ կցանկանայի, որ պետությունը հզորանար։ Մեզ այս պահին հզորանալ է պետք»,- ասում է Հարությունը։
Դժվարությունների մասին խոսել չի սիրում, բայց դրանք, իհարկե, կան՝ դժվար է ապրել ուսուցչի աշխատավարձով, երբ փոքր դպրոցի փոխտնօրենն ես ու ընդամենը կես դրույքով ես աշխատում։
Հարություն Անդրիյանն աշակերտներին կրթելուց հետո հողագործությամբ է զբաղվում, այգի է մշակում, որ Խոզնավարը շենանա, որ իր մանկահասակ տղան մեծանա ու սովորի դպրոցում, որ զինվոր դառնա ու պաշտպանի հայրենի եզերքը՝ Խոզնավարը․․․
Ռուբլին կրկին ռեկորդային ցուցանիշ է գրանցել. ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.83 դրամով):



















