Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի եւ 39-րդ հոդվածին հակասող եւ անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նշենք, որ ՍԴ էին դիմել ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ վիճարկելով առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների մասին հրամանի սահմանադրականությունը:
Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝ այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։
Կարծրատիպեր, թե սովորույթի ուժ․․․
Վանաձորցիների պատկերացումներն ու կարծիքները խիստ տարբեր են հայկական ավանդական ընտանիք, ընտանիքում կնոջ և տղամարդու տեղի, դերի, իրավունքների մասին․․․
Վանաձորի թիվ 23 Տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 22–ին, բաշխել է Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը։
«33 անդամից 4–ը ինքնաբացարկ է ներկայացրել։ Երեքը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ–ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է»։
Թե երբ կլինի ավագանու առաջին նիստը, դեռ պարզ չէ։
Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ), եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:
Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում դեկտեմբերի 7-ին շարունակվում էր Ա. Եսայանի քրեական գործի քննությունը: Ա. Եսայանը «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործն է: Նա իրականացնում է տնայցեր, ստուգում, որ բնակիչները հետևեն գազասպառման կանոններին: Ա. Եսայանին մեղադրանք է առաջադրվել իր աշխատանքը պատշաճ չիրականացնելու համար, որի արդյունքում մի աբողջ ընտանիքի մահ է գրանցվել: Հիշեցնենք, որ 2019թ․ նոյեմբերին Ալավերդի քաղաքի բնակիչներ Յուրա, Սուրեն, Դիանա Իսրայելյանները և Գայանե Ալեքսանյանը ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) բարձր քանակությունից թունավորվել էին և մահացել։ Մանրամասներն այստեղ՝ https://narlur.blogspot.com/2021/08/blog-post_12.html?fbclid=IwAR0xH_sc4PeetSDa79qoaXRG_2wn1yPTFFP_vfy7TMzWvuz34yJdhXQ28BE
Դեկտեմբերի 7-ին կայացած դատական նիստը՝ գործի հարցաքննության փուլն էր։
Տուժողի իրավահաջորդ Սոֆիկ Ալեքսանյանը մահացածներից Գայանե Ալեքսանյանի մայրն է: Նա հարցաքննության սկզբում նշեց, որ ինքը Ա. Եսայանին մեղավոր չի ճանաչում, գտնում է, որ աղջկա և ամուսնու անփութությունն է եղել ողբերգական դեպքի պատճառը: Նա պատմեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ աղջկա բնակարանում վերանորոգման աշխատանքներ և որոշ ձևափոխություններ են իրականացրել: Նշեց, որ հին գազօջախն էլ փոխարինել էին նորով:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Ռոման Կոնինյանը հարցադրումների միջոցով փորձեց պարզել, թե որտեղ է գտնվել ջրատաքացուցիչը բնակարանը ձևափոխելուց հետո և որքան ժամանակ է ընդհանրապես օգտագործվել այն:
Վկան նշեց, որ արդեն լավ չի հիշում, այդ շրջանում բազմաթիվ ձևափոխություններ են կատարվել, սակայն մտաբերեց, որ ջրատաքացուցիչը և գազօջախը գտնվել են խոհանոցում՝ իրար մոտ:
Նախագահող դատավորը ևս փորձեց պարզել, թե ջրատաքացուցիչը վկայի աղջկա տանն ինչքան ժամանակ է օգտագործվել: Վկան մտաբերեց, որ սեպտեմբեր ամսին իր աղջկա հետ ձմռան համար պահածոներ են պատրաստել և այդ ժամանակ օգտագործել են տաք ջուր:
Գործում ներգրավված մյուս վկան Լուսինե Ալեքսանյանն է: Նա ողբերգական դեպքի արդյունքում մահացած Գայանե Ալեքսանյանի զարմուհին է: Ամբաստանյալ՝ Ա. Եսայանը գազի ներտնային սպասարկում է իրականացնում նաև Լուսինե Ալեքսանյանի բնակարանում: Վկան պատմում է, որ իր ուսանողության 2 տարիներին բնակվել է հորաքրոջ տանը և ավարտելուց հետո շփումը միմյանց հետ միշտ ջերմ է եղել, միմյանց այցելությունները՝ հաճախակի: Հիշում է, որ դեպքի առավոտյան Գայանե Ալեքսանյանի աշխատավայրից զանգ է ստացել, որ վերջինս չի ներկայացել աշխատանքի, անհանգստացել է, գնացել է տուժողի տուն և հայտնաբերել է վերջիններիս մահացած: Նշեց որ տունը անտանելի շոգ էր, միանգամից հասկացել է, որ գազի հետ կապված խնդիր է եղել, բացել է լուսամուտը: Այդ ժամանակ բաց է եղել նաև ջրի ծորակը, նշեց որ ջուրը սառն էր: Վկան նշում է, որ ջրատաքացուցիչ տուժողի տանը եղել է 2013թ․-ից հետո, որոշ ժամանակ օգտագործելուց հետո այն խափանվել է և ուղղակի դրված է եղել միջանցքում, հատակի վրա: Կենցաղային հարցերը լուծել են ջուրը տաքացնելով: Վկան նշեց, որ 2019 թվականին, երբ տեղափոխվել է իր նոր բնակարան, լոգանքի հետ կապված հարցերը հորաքրոջ ընտանիքն իրականացնում էր իր տանը, մինչև այն ժամանակ երբ արտագնա աշխատանքից վերադարձել է ընտանիքի հայրը՝ Յուրա Իսրաելյանը, սկսել բնակարանի ձևափոխման աշխատանքները և նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո շահագործել են նաև ջրատաքացուցիչը: Հիշում է նաև, որ ջրատաքացուցիչը տեսել է հատակին դրված, հարցրել է, թե ինչ է պատահել, Գայանե Ալեքսանյանը պատասխանել է, որ այն խափանվել է և խցափակվել է մասնագետի կողմից: Իսկ փաստաբանի հարցին, թե արդյոք վկան տեղյակ է, թե ինչու չէր միացված ձայնաազդանշանային սարքը, Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ վարդակի հետ է խնդիրը եղել:
Ամբաստանյալ Ա. Եսայանը նշեց որ 2021թ հունվարին ինքը Իսրայելյանների տուն առաջին այցն է իրականացրել, հետո՝ 2-րդ այցի ժամանակ տեսել է խոհանոցում դրված վառարանը, որտեղ դեպքի ժամանակ արդեն դրված էր նաև ջրատաքացուցիչը: Քանի որ խախտում է եղել, ինքը խցափակել է և կազմել արձանագրություն: Հիշում է, որ այդ ժամանակ ջրատաքացուցիչը դրված է եղել միջանցքում՝ հատակին: Նշեց, որ խցափակել է որպես բացակա գազասարք, քանի որ տանը դրված է եղել միայն խոհանոցի գազօջախը, որի օգտագործման համար եղել են բոլոր անհրաժեշտ պայմանները։
Վկա՝ Մեսրոպ Իսրայելյանի նախաքննական ցուցմունքը կողմերի համաձայնությամբ նախագահող դատավորը բարձրաձայն ընթերցեց, քանի որ վերջինս դատական նիստին չէր ներկայացել: Վկան Տուժող՝ Յուրա Իսրաելյանի եղբոր տղան է: Նախաքննական ցուցմունքում նշել է, որ իր հորեղբայրը արտագնա աշխատանքից վերադարձել է դեպքից մոտավոր մեկ ամիս առաջ, և իր տանն իրականացրել է վերանորոգման աշխատանքներ։ Այս վկան ևս գտնում էր, որ դեպքը տեղի է ունեցել Յուրա Իսրաելյանի անփութության պատճառով:
Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը դատական նիստը հետաձգեց, այն նշանակելով 2022թ․ փետրվարի 8-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն,
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին: