Ավագանին կազմված է 33 անդամից։ Նրանցից 4-ն ինքնաբացարկ են հայտնել։ Անդամներից երեքը՝ «Քաղաքացիական պայմանագիր», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից են։ ՔՊ-ից ինքնաբացարկ է հայտնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակիցներ` Արամ Գրիգորյանը եւ Արեն Անանյանը, իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ ներկայացրած անդամը Արման Մովսիսյանն է. «Կարծում եմ քանի որ այս անձիք Լոռու մարզպետարանում վարչության պետեր են, իսկ մյուս անդամն էլ` Վանաձորի քաղաքապետարանում բաժնի պետ է եւ ավագանու հետ անհամատեղելի է, դրա համար են ինքնաբացարկ հայտնել, որպեսզի մնան իրենց աշխատանքին», ասաց թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը։ Այսպիսով, 15 մանդատ ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Իսկ ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 24-ին, որի ժամանակ քվեարկության միջոցով ավագանին կընտրի համայնքի ղեկավար։ Իսկ ընտրությանը կմասնակցի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանը, թե՞ ոչ դեռեւս պարզ չէ։