Գլխավոր Блог էջ 136

Մեկ օրում բացահայտվել է 54 հանցագործություն. Հայտնաբերվել է 4 հետախուզվող, Կամավոր ներկայացել է 5-ը

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում  կատարված. ՀՀ ոստիկանություն - MediaLab Newsroom-Laboratory

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ mասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վարչապետն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին․անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն  մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում (ՎԻԴԵՈ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին:

Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը:

«Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: «Դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջանահերթությունների իրականացումն է: Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛
պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Վանաձորի ավագանին չկարողացավ համայնքապետ ընտրել. առաջին նիստը չկայացավ

 

Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանն ընթերցեց Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում նիստ հրավիրել՝ համայնքապետ ընտրելու օրակարգով: Բացի այդ, ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, հետևաբար՝ նիստն իրավազոր չէր։

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկը հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորցու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:

Ավելի վաղ http://migfm.am/-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Ավագանու առաջին նիստը պետք է կայանար դեռևս դեկտեմբերի 17–ին, սակայն դրանից 2 օր առաջ ՏԻՄ ընտրություններում հաղթած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր։

 

Ալկոհոլ օգտագործած քաղաքացին՝ ղեկին

ՀՀ քաղաքացի Ա. Մալխասյանը վարորդական իրավունք չունի։
2021թ․  սեպտեմբերի 10-ին մեքենա է վարել Ուռուտ համայնքի վարչական տարածքում  և կանգնեցվել է ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ Արտակ Մալխասյանը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ: Ալկոհոլի պարունակությունը կազմել է 0.6273մգ/լ:
Արտակ Մալխասյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում կայացած նիստի ժամանակ Արտակ Մալխասյանն իրեն մեղավոր ճանաչեց: Վերջինիս շահերի պաշտպան՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սևակ Սեդոյանը հանդես եկավ միջնորդությամբ այն մասին, որ գործը քննվի համաձայնեցված վարույթով: Մեղադրող կողմը ևս չառարկեց և նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը ընդմիջում հայտարարեց կողմերին ժամանակ տալով համաձայնության գալու համար:

ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազ Բարսեղ Մուրադյանն ընթերցեց համաձայնեցման արձանագրությունը, ըստ որի Արտակ Մալխասյանը մեղավոր ճանաչվեց և որպես պատժամիջոց պարտավորվեց վճարել 300.000 ՀՀ դրամ: Ըստ համաձայնության ամբաստանյալը տուգանքը կվճարելու է 10 ամիսվա ընթացքում:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Արտակ Մալխասյանին և նշանակեց 300.000 ՀՀ դրամ տուգանք:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն,
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:   Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Վանաձորի նորընտիր ավագանին դեկտեմբերի 24-ին կընտրի համայնքի ղեկավար

 

Պատկեր:Վանաձորի Հայկի հրապարակ, ArmAg (5).jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ավագանին կազմված է 33 անդամից։ Նրանցից 4-ն ինքնաբացարկ են հայտնել։ Անդամներից երեքը՝ «Քաղաքացիական պայմանագիր», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից են։ ՔՊ-ից ինքնաբացարկ է հայտնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի աշխատակիցներ` Արամ Գրիգորյանը եւ Արեն Անանյանը,  իսկ ՀԱՍԿ-ից ինքնաբացարկ ներկայացրած անդամը Արման Մովսիսյանն է. «Կարծում եմ քանի որ այս անձիք Լոռու  մարզպետարանում վարչության պետեր են, իսկ մյուս անդամն էլ` Վանաձորի քաղաքապետարանում բաժնի պետ է եւ ավագանու հետ անհամատեղելի է, դրա համար են ինքնաբացարկ հայտնել, որպեսզի մնան իրենց աշխատանքին», ասաց թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը։ Այսպիսով, 15 մանդատ ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9 մանդատ՝ ՔՊ-ն, 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը եւ 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Իսկ ավագանու անդրանիկ նիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 24-ին, որի ժամանակ քվեարկության միջոցով ավագանին կընտրի համայնքի ղեկավար։ Իսկ ընտրությանը կմասնակցի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանը, թե՞ ոչ դեռեւս պարզ չէ։