Домой ԼՈՒՐԵՐ Երբ է կայանալու Վանաձորի անդրանիկ նիստը. մեկնաբանում է աշխատակազմի ղեկավարի ժպ Դավիթ Հակոբյանը

Երբ է կայանալու Վանաձորի անդրանիկ նիստը. մեկնաբանում է աշխատակազմի ղեկավարի ժպ Դավիթ Հակոբյանը

0
Երբ է կայանալու Վանաձորի անդրանիկ նիստը. մեկնաբանում է աշխատակազմի ղեկավարի ժպ Դավիթ Հակոբյանը

Մենք պետք է դատարանի որոշում ունենանք, որից հետո կարող ենք խոսել Վանաձորի ավագանու նիստ հրավիրելու մասին: Այս մասին դեկտեմբերի 24-ին, Վանաձորի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձոր համայնքի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:

«Դատարանի որոշումը երբ եղավ, օրենքի ուժով հաջորդ օրը կնշանակվի ավագանու նիստը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը դեռ երեկ էին ասում, որ նիստ չի լինելու, այսինքն սա գծված սցենար է եղել, Հակոբյանն արձագանքեց. «Ես առաջնորդվել եմ օրենքով, այդ հարցի հասցեատերը ես չեմ»:

Հարցին, թե ով է կազմակերպելու համայնքի աշխատանքները, նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կար, որի լիազորությունները դադարել են, այս պահին աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ես եմ կատարում: Այս պահին համայնքապետի պաշտոնակատար չկա, համայնքապետի տեղակալ նույնպես չկա»: Նա հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցրի՝ նկատելով, որ ինքը պատասխանատու է իր լիազորությունների շրջանակում եւ այդ շրջանակում իր աշխատանքն է կատարում:

Նշենք, որ  դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամներից մեկն էլ հայտարարեց. «Իշխող ուժն այս որոշումով ուղղակի փորձում է խլել վանաձորդու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»:

Նշենք, որ երկու օր առաջ բաշխել են Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։

Նշենք, որ ավագանու 33 անդամից 4–ը ինքնաբացարկ էր ներկայացրել, որից 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ հայտնածներից մեկը մարզպետ Արամ Խաչատրյանն է:

Ավելի վաղ.- դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5-ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here