Նորավանքի լեգենդը․ այն գեղեցիկ, բայց դաժան սիրո մարմնացում է

1178

Նորավանք Վանական Համալիր | ArmAdventure

Պատմում են, որ հայտնի ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Իշխանին բացարձակապես դուր չի գալիս այն միտքը, որ իր ազնվական դստերը կարող է կնության առնել հասարակ մի ճարտարապետ: Իշխանը հայտարարում, որ իր դստերը կնության կտա Մոմիկին՝ միայն մեկ պայմանով.

Վարպետը պիտի կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի սեղմ ժամկետներում՝ ընդամենը 3 տարվա ընթացքում: Մոմիկը պիտի աշխատի միայնակ՝ առանց օգնող ձեռքերի՝ արհեստավորվերի ու շինարարների:

Նորավանք

Վարպետը շուրջ երեք տարի՝ օր ու գիշեր, աշխատում է իր գլուխգործոցի վրա. արդյունքն ավելի քան զարմանահրաշ էր, Նորավանքը գրեթե պատրաստ էր ընդունել հավատավորներին, ինչն էլ նշանակում էր, որ Մոմիկը պատվով է անցել փորձությունը:

Հենց այդ պահին, երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դաժան իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, որոշում է դավադրություն նյութել։ Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, ցած է հրում մեծն վարպետին:

Մոմիկը ընկնում է եկեղեցու գմբեթից, իսկ այդ վերջին չարաբաստիկ քարն էլ գլորվում վարպետի վրա՝ հասցնելով մահացու հարվածը։

Նորավանք — Նինել Աղանյան

Ժողովուրդը հավաքվում է սիրելի ճարտարապետի դիակի շուրջ, երբ վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, բազմությունն ականատես է լինում իսկական հրաշքի․
Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խաչքարի:

Նորավանք Վայոց Ձորի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է: Գերեզմանը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 թվականն է, որը նշված է խաչքարի վրա:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ