2019թ. սեպտեմբերի 19-ին Վանաձորի «Աֆինա» հարսանյաց սրահի մոտ տեղի ունեցած վրաերթի գործով դատական հերթական նիստն էր, որը տեղի ունեցավ 2021թ․ նոյեմբերի 1-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում:
Մեղադրյալը Միքայել Եփրեմյանն է։ Նա մեղադրվում է, որ վրաերթի է ենթարկել Արսեն Հարությունյանին, որի արդյունքում վերջինս մահացել է:
Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ գործում ներգրավված վկա՝ Մետաքսյա Սիմոնյանը դարձյալ չի ներկայացել դատական նիստին՝ թեպետ դատարանը բերման ենթարկելու միջոցներ էր ձեռնարկել: Դա դժգոհություն առաջացրեց դատավարության կողմերի մոտ:
ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Արամ Աղումյանը նշեց, որ բացակայող վկային հարցաքննելու փոխարեն կարող է ընթերցել վերջինիս նախաքննական ցուցմունքը: Կողմերի համաձայնությամբ նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանը որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց վկայի՝ հրապարակելով նրա նախաքննական ցուցմունքը:
Դատական նիստի ժամանակ ընթերցվեցին նաև գործում առկա գրավոր ապացույցները, որից հետո հարցաքննվեց նաև ամբաստանյալ Միքայել Եփրեմյանը: Դեպքի մասին ամբաստանյալը պատմում է՝
Ինչպես նշեց նախագահող դատավորը ամբաստանյալը նախաքննության ժամանակ ցուցմունք չի տվել, և ցուցմունքի արդյունքում դեպքի հետ կապված նոր մանրամասներ բացահայտվեցին: Դրանցից ամենակարևորը ինչպես նշում է ամբաստանյալը, ճամփեզրին կայանած մեծ մեքենայի առկայությունն է, որը փակել է տեսադաշտը: Իսկ թե ինչ մակնիշի մեքենա էր՝ ամբաստանյալը չի հիշում: Նա նշեց, որ հարվածից հետո գտնվում էր շոկի մեջ․ իր արարքը գիտակցել է այն ժամանակ, երբ մեքենայով հարվածել է նաև սուրճի ապարատին,-պատմում է մեղադրյալը։
ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Արամ Աղումյանի հարցին, թե ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչում է, Ամբաստանյալը պատասխանեց՝ ոչ, ապա բացատրում է, որ ինքը տեսադաշտ չի ունեցել, տուժողն էլ փողոցն անցել է անթույլատրելի հատվածով․ եթե անցներ հետիոտնային անցումով, ապա ինքը կհասցներ արգելակել և դեպքը տեղի չէր ունենա: Սակայն Արամ Աղումյանը այլ կարծիք ունի․
Միքայել Եփրեմյանի շահերի պաշտպան Արշակ Մկոյանը հանդես եկավ միջնորդությամբ, նշելով, որ հարցաքննության արդյունքում ելակետային տվյալներ են ի հայտ եկել, որոնց հիման վրա նրան ժամանակ է պետք՝ նոր ապացույցներ ձեռք բերելու համար:
Արամ Աղումյանը նշեց, որ այդ ելակետային տվյալը ոչ թե հարցաքննության ընթացքում պետք է բացահայտվեր, այլ ուղղակի փորձաքնության շրջանում ամբաստանյալը կամ նրա փաստաբանը պետք է միջնորդություն ներկայացնեին, որ փորձագիտական որոշման մեջ բացակայում է այս ելակետային տվյալը և ավելացնեին այն: Մեղադրող կողմը համարում է, որ սա հատուկ նպատակ է հետապնդում՝ դատավարությունն անհարկի ձգձգելու համար:
Նախագահող դատավոր Մուշեղ Հարությունյանը կարծում է, որ այդ հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ճնշում ամբաստանյալի դեմ:
Ամբաստանյալի փաստաբան Արշակ Մկոյանը նաև միջնորդություններ ներկայացրեց դատարան այն մասին, որ իր պաշտպանյալը 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղ հրազենային վիրավորում է ստացել, արիություն և խիզախություն ցուցաբերելու համար ստացել է պատվոգիր, ինչպես նաև ծառայողական դրական բնութագիր ունի: Բնութագիր ներկայացվեց նաև համատիրության և հարևանների կողմից:
Եվ քանի որ ելակետային նոր տվյալների հայտնաբերման արդյունքում պաշպանության կողմը պետք է հանդես գա նոր միջնորդությամբ, այն մասին, որ անհրաժեշտություն կա նոր դատատեխնիկական փորձաքնության, այդ պատճառով նախագահող դատավորը հետաձգեց դատական նիստը, այն նշանակելով 2021թ. դեկտեմբերի 14-ին: