Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրվի Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը

504

Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության ...

Դեկտեմբերի 17-ին Թագուհի Թովմասյանի նախագահությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ: Այս մասին իրազեկումէ ԱԺ կայքը:

Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածության հարցը: Առաջադրված թեկնածուն Քրիստիննե Գրիգորյանն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների  մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են  օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը եւ հարցրել է, թե ինչպե՞ս է որոշվել, որ այդ անձը հենց Քրիստիննե Գրիգորյանն է: Արձագանքելով Արեգնազ Մանուկյանին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակություն ունենալը չափանիշ է, որի գնահատականն ընտրության միջոցով կտա Ազգային ժողովը:

Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել եւ այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը:

Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետեւողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները:

Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ