Վրաններ հափշտակած գնդապետերը կալանավորվել են

539

Վրաններ հափշտակած գնդապետերը կալանավորվել են

PanARMENIAN.Net — ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Ա.Կ.-ն 2021-ի հուլիսին, նույն զորամասի իրային ծառայության պետ, փոխգնդապետ Տ.Պ-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է նույն զորամասի հաշվեկշռում գտնվող զինվորական նշանակության N տեսակի 6 հատ չօգտագործված վրանը։

Այդ նպատակով, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն 6 վրանը հաշվառել են իբրև 44-օրյա պատերազմի ընթացքում անվերադարձ կորսված, արհեստականորեն առաջացրել են տվյալ ապրանքների ավելցուկ՝ այդ եղանակով հափշտակելով ընդհանուր 6,726,000 դրամ արժողությամբ վերոնշյալ վրանները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Այնուհետև, Ա.Կ.-ն և Տ.Պ.-ն հանցավոր համաձայնություն են ձեռք բերել հափշտակված վրանները ՀՀ ՊՆ-ին վաճառելու վերաբերյալ։ Այդ նպատակով Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել ԶՈւ գլխավոր շտաբի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ի հետ։

Բացի այդ, հափշտակված գույքը Պաշտպանության նախարարությանը մատակարարելու վերաբերյալ Ա.Կ.-ն իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել իր եղբոր՝ Է.Կ.-ի և վերջինիս ընկեր Կ.Ռ.-ի հետ։ Այդ նպատակով Կ.Ռ.-ն և Ա.Կ.-ն 2021-ի օգոստոսի 10-ին այցելել են ՀՀ ՊՆ վարչական համալիր, որտեղ հանդիպել են ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ Ա.Թ.-ին և վերջինիս հետ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն:

Գնդապետ Ա.Թ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ, մինչև համապատասխան գնման պայմանագրի կնքելը, հափշտակված վրանները մատակարարվել են ՀՀ ՊՆ կենտրոնական իրային բազա, որից հետո, օգոստոսի 20-ին նոր միայն Կ.Ռ.-ի և ՊՆ միջև կնքվել է վրանների գնման վերաբերյալ պայմանագիր և կատարվել է վճարում։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Ա.Կ.-ն, Ա.Թ.-ն, Է.Կ.-ն և Կ.Ռ.-ն ձերբակալվել են։

Ա.Կ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ), Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում, որը կատարվել առանձնապես խոշոր չափերով) և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով իրացնելը), Տ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Է.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կ.Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուրը

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ