100 հազար դրամով չեմ հասցնի ճանապարհածախս հոգալ. Եվրոպայի չեմպիոն

598

Արսեն Հարությունյան. 2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է.  ArmSport – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր   ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայկական ըմբշամարտում առկա խնդիրներին։ Նա մասնավորապես նշել է.

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել, որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։

Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպեսզի աշխատանք գտնեն։

Մարզվելու փոխարեն ըմբիշները մտածում են՝ ինչպե՞ս հոգան իրենց և իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պետք է վարձատրվենք այնպես, ինչպես ամբողջ աշխարհում։ Եթե մարզիկների նկատմամբ մոտեցումը չփոխվի ու ուշադրություն չդարձնեն, շատերն են հեռանալու:

Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թե Եվրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզե մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պետք է գումար ուզեմ:

Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրավել ու աշխատավարձ չեն ստանում: Ամեն մեկը չէ, որ կարող է միանգամից հաղթել, ոմանց ժամանակ է պետք, բայց ստիպված է լինում ավարտել կարիերան: Սպորտային ղեկավարությունը պետք է սրտացավ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին», — գրել է Արսեն Հարությունյանը:

Նշենք, որ դեռևս անցած ուրբաթ օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հանդիպել էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների և ըմբշամարտի հավաքականների մարզիչների հետ և քննարկել տարբեր խնդիրներ: Նա մասնավորապես ասել էր, որ բոլոր այն մարզիկները, ովքեր ապահովել են անհրաժեշտ արդյունքները, օրենքով սահմանված կարգով, առանց մեկ օր ուշացման, ստացել են իրենց գումարները: Բայց ըստ Արսեն Հարությունյանի, ինքն աշխատավարձ չի ստացել:

Հետևաբար հարց է ծագում. այդ հարցում ո՞վ է ապատեղեկատվություն տարածում` փոխնախարարը, թե` ըմբիշը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ