Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՀ ՄԻՊ

527

ԱՀ ՄԻՊ-ը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան  հաղորդումը

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին։

Ստեփանյանի գրառման համաձայն՝ այս պահին, ճշտված տեղեկություններով, 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։

«Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։

Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի և գոյության իրավունքը»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա. փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում կար վիրավոր:

Կեսօրից սկսած՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Bayraktar TB-2» տիպի:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ