Շնորհավորում ենք Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի բնակիչներին` Վանաձորի օրվա առթիվ !

326

 

Վանաձոր, խոշոր քաղաքային համայնք Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող Լոռու մարզում։ Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրուց հետո և Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Վանաձորի Սբ. Մարիամ Աստվածածին Եկեղեցի

Նախկինում՝ որոշ ժամանակահատված, քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ՝ տեղացիները գաղթել են Երևանից։

Պատկերասրահ ՎանաձորումՀայոց ցեղասպանությունից փրվելով՝ Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը։

Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական և զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։

Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Թայիրովի ամառանոցը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնը, կերպարվեստի թանգարանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ