Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ներկա է գտնվել Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» վերանորոգված մարզասրահի բացման և վարժասարքերի նվիրաբերման արարողությանը։
Ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, ավագանու անդամներ, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը, «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի» տնօրեն Սուրեն Վեքիլյանը, ոլորտի մասնագետներ։



Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում կարևորեց պետության, համայնքի և բարերաների կողմից մարզադպրոցը վերանորոգելու և նոր մարզասարքերով համալրելու նպատակով ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ սա ևս մեկ քայլ է մարզում սպորտի զարգացման ուղղությամբ։
— Ես լիահույս եմ, որ այս ներդրումն արդյունավետ կլինի, և սաներն է՛լ ավելի մեծ հաջողությունների կհասնեն,- ասաց նա։



Մարզի ղեկավարն, ի նշան երախտագիտության, շնորհակալագրով է պարգևատրել բարերար Ժորժ Ղարիբյանին, որն էլ առաջիկայում կփոխանցվի նրան։