Նա շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին մարզ այցելելու համար։ Մարզպետն իր ողջույնի խոսքում կարևորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքը և մշտական աջակցությունն ուղղված հայ ժողովրդին՝ շնորհակալաբար նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է եղել ամենադժվար օրերին՝ պատերազմական ժամանակաշրջանում, համավարակի դեմ պայքարում, 1988թ․-ի երկրաշարժի հետևանքների վերացման ժամանակ։ Մարզպետն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության կողմից հայերի նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության ճանաչումը և Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն սահմանումը։



Նա տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամական և գործակցային կապեր հաստատվել են դեռևս 1967թ․-ին՝ Կիրովական-Բանյո բարեկամության պայմանագրի ստորագրմամբ։ 2011թ․-ից Լոռու մարզը Ֆրանկոֆոնիայի երկրների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ է։ 2008թ․-ին Լոռու մարզի և Ֆրանսիայի հանրապետության ՊԱԿԱ ռեգիոնի միջև կնքվել է շրջանակային պայմանագիր, իսկ 2012թ․-ին՝ համագործակցության համաձայնագիր։


Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը հանգամանորեն ներկայացրել են մարզում իրականացված համատեղ ծրագրերը։ Մարզի ղեկավարը ափսոսանքով տեղեկացրել է, որ ծրագրերը հիմնականում ընդհատվել կամ պասիվ բնույթ են ստացել համավարակի հետևանքով և մի շարք այլ պատճառներով՝ ցանկություն հայտնելով դրանց նոր թափ հաղորդել։


