Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերին չի թույլատրվում լքել երկիրը, իրավիճակը ծանր է. Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար

449

Ժիտոմիրի

Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում իրավիճակը գնալով ավելի վտանգավոր ու լարված է դառնում: Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավար Սարգիս Մարտիրոսյանն այս օրերին զբաղված է մեր հայրենակիցներին անվտանգ դեպի սահման հասցնելու, մնացածներին՝ պարենով ապահովելու գործով: Նախնական տվյալներով Ժիտոմիրում ապրում  է շուրջ 4000 հայ…

Հայերը համախմբված են, միմյանց օգնում են, օգնում են նաև ուկրաինացիներին.

«Օրինակ երեկ Կիևից փախստական ընտանիքների ենք օգնել տեղավորվել անվտանգ վայրերում: Հայերս միմյանց օգնում ենք թե՛ սնունդով, թե՛ կացարանով: Օրինակ՝ սեփական տներն ավելի անվտանգ են, քան շենքերը: Շենքերի բնակիչները տեղավորվում են սեփական տներում, նկուղներում: Ճիշտ է, գուցե նեղվածք է, բայց միասին ենք անցկացնում այս դժվար օրերը: Միասին լուծում ենք նաև պարենի հարցերը»:

Սարգիս Մարտիրոսյանը չի պատրաստվում լքել Ժիտոմիրը: Ասում է՝ պատասխանատվությունը տեղի հայ համայնքի առաջ թույլ չի տալիս իրեն հեռանալ Ուկրաինայից: Բացի այդ, որդին կադրային սպա է  և այս օրերին ռազմի դաշտում է:

Ուկրաինացիների հետ եղել են պահեր, երբ հարաբերությունները լարվել են: Նա հիշեցնում է 2014 թվականը, երբ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

«Այնպես որ, նոր չէ որոշ ուկրաինացիների շրջանում հակահայ դիրքորոշումը: Բայց մենք այստեղ նաև հարգանք ենք վայելում, անուն ունենք, օգնում ենք շատերին»:

Սարգիս Մարտիրոսյանն ասում է՝ մշտապես փորձել են բացատրել, որ Հայաստանի քաղաքական վերնախավի դիրքորոշման հետևանքները չպետք է անդրադառնան  իրենց վրա: Ըստ նրա՝ Ուկրաինայում ապրող հայ համայնքը չի կարող չեզոքություն պահել. ապրում են Ուկրաինայում, իսկ դա նշանակում է՝ յուրաքանչյուր հաջողություն կամ անհաջողություն ուղիղ ազդեցություն է թողնում իրենց վրա:

Արմենուհի Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ