Նախկին Ինտերկապ, այժմ արդեն ՄԻԳ հեռուստառադիոընկերությունը Լոռու մարզում հիմնադրվածներից առաջինն էր, որից հետագայում առանձնացան և ձևավորվեցին մարզում գործող այլ լրատվամիջոցներ։ Միգ հեռուստաընկերությունը իր գործունեությունն սկսել է 1988թ․-ից․ սկզբում վարձույթով տեսաերիզներ և վիդեոմագնիտոֆոններ էին տրամադրում։ Իսկ 1991թ․ արդեն գործում էր որպես հեռուստաընկերություն, որի լսարանը Վանաձոր քաղաքն էր և հարակից 5 գյուղերը: Իր գործունեության ընթացքում Միգ ՀՌԸ-ն ունեցել է հասարակական հնչեղություն ու հետաքրքրություն ունեցող, սոցիալական ամենազգայուն թեմաներին վերաբերվող, ինչպես նաև ժամանցային բազմաթիվ հաղորդումներ:
Միգ հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանն իր և իր թիմի 30 տարիների ամենակարևոր ու ամենամեծ ձեռքբերումը համարում է անաչառ լրատվության սփռումը․
2010թ-ից նոր օրենքի ուժով մարզերում գործող բոլոր ՀԸ-ները պետք է անցնեին թվային հեռարձակման՝ ստանալով մարզային կարգավիճակ: Սա հանգեցրեց նրան, որ մարզերում գործող ՀԸ-ները կանգնեցին լուրջ ֆինանսական խնդրի առաջ: ՀԸ-ները, որոնք շարունակում էին հեռարձակվել անալոգային եղանակով, թվայնացված մարզային ՀԸ-ների կողքին կորցրեցին իրենց ֆինանսական առաջնային աղբյուրները և հիմնական գովազդատանուների մեծ մասին․ ֆինանսական խնդիրների արդյունքում ՄԻԳ ՀԸ-ը կորցրեց նաև շատ մասնագետների, որն իր բացասական ազդեցությունն ունեցավ ՀԸ ակտիվ և բարձր վարկանիշային գործունեության վրա: Այս ամենի լուծման տարբերակը Միգ ՀՌԸ տնօրենը տեսնում է մարզերի հեռուստաընկերությունների համախմբման, խոշորացման և մարզերում գործող ՀԸ-ների ցանց ստեղծելու մեջ:
Թվայնացման պատճառով մարզերի լրատվական դաշտում կորչում է ազատ մրցակցությունը, բազմակարծությունն ու բազմազանությունը, ստեղծվում է մենաշնորհի կարգավիճակ, որն էլ զրկում է լսարանին՝ այլընտրանքից:
Մարինա Անդրեասյան
ՄԻԳ ՀՌԸ