Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան։ Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում կատարվեց օրհնության կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի։ Ապա սկսվեց մշակութային մասը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին երգ, ասմունք, ցուցադրվեց տեսագրություն, որում հնչում էր հերոսի ձայնը։ Դասարանում բացվեց Արման Աղվանյանի անվան անկյուն, որտեղ ներկայացված են նրա մեդալներն ու պատվոգրերը։ Հերոսի տատիկը դպրոցին նվիրեց Արմանի գրադարանը։
Պեկին-2022-ի Օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել իր մարզիչ Ռաֆայել Հարությունյանին կարիերայի ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար։
«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Ռաֆայել Հարությունյանը հասկացավ մեր վիճակը: Նա շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Իսկ ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ հասնել իմ նպատակներին: Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- մեջբերում է Չենին TASS-ը:
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։
Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից, որտեղ, մասնավորապես, նշված է.
«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:
Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:
Նշված եղանակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ քաղաքացիների, ովքեր ՀՀ զինված ուժերում զբաղեցրել են տարբեր պաշտոններ և ի պաշտոնե հնարավորություն են ունեցել առնչվելու պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և փաստաթղթերի հետ:
Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:
ՓԵՏՐՎԱՐԻ 13, Ժ.17:30 — Երեկոյան Ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում , որից հետո եկեղեցու բակում, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կվառվի մեր ժողովրդի կողմից սիրված Տեառնընդառաջի խարույկը:
ՓԵՏՐՎԱՐԻ 14, Ժ.10:00 — Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի նաև նորապսակների մասնավոր օրհնություն:
Վանաձորի քաղաքապետարանը նախագծում է վերակառուցել դեպի Մայմեխ լեռան գագաթ տանող ճոպանուղին։ Այս մասին հայտնել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Մայմեխ լեռը 3 հազար մետր բարձրություն ունի։ Խորհրդային տարիներին քաղաքից քիչ հեռու զբոսաշրջիկների հենավայր էին կառուցել, իսկ դրա կողքին` 3 094 մետր բարձրության վրա գտնվող լեռան գագաթը տանող ճոպանուղի։
Ճոպանուղին կառուցել էր Կիրովականի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանը, որը դահուկային մարզաձի մեծ սիրահար էր։ Շինարարությունն ավարտվել էր 80-ականների վերջին, երկրաշարժից առաջ։ Լեռը բարձրացող դահուկորդներն ու զբոսաշրջիկները կարող էին տեսնել Արագածը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող Արա լեռը։ Իսկ պարզ եղանակին այստեղից երևում են Արարատի ուրվագծերը։
Ցուրտ ու մութ 90-ականներին այդ ճանապարհներով ոչ թե դահուկորդներ էին քայլում, այլ կացնով և սղոցով զինված մարդիկ` տունը տաքացնելու համար վառելափայտի հայթայթելու ակնկալիքով։ 2016 թ-ին քաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակեցին Աբովյանին։ Նա որոշեց ինչ-որ մեծ նախագիծ մտածել։ Նրա մտահղացման համաձայն` բաց նստարանների փոխարեն ուղևորները փակ սրահներով կտեղափոխվեն։
Նախագծով հետաքրքրվում էին բոլորը։ Պարզապես գործը դեռ կոնկրետ բանակցությունների չի հասել։ Նախատեսվում է շինարարության մեջ 6,2 մլրդ դրամի ներդրում։ Նման նախագիծը կկարողանա տարեկան 30-35 հազար զբոսաշրջիկ գրավել։
«2021թ.-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և գործը տանել դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:
Մենք այս առումով շահագրգռված ենք և բնականաբար պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը: Մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը հայելային հետ քաշվեն: Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում. դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների, և արդյունքում նաև հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:
Հաջորդ ֆունդամենտալ հարցն այն է, որ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման: Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը ենթարկվել է դելիմիտացիայի, իսկ 1991թ.-ի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի կողմից, այդ սահմանները ճանաչվել են»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն այս տրամաբանության մեջ, և հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ:
«Այս թեմայով, ցավոք սրտի, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ շատ գյուղեր անպաշտպան են մնալու: Չկա այդպիսի բան, բնական է, որ առաջարկությունների փաթեթում ամեն բան հաշվի է առնված, բայց պետք է խոստովանել նաև մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ հարյուր տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա:
Շվեդիան փետրվարի 9-ին չեղարկել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները և դադարեցրել կորոնավիրուսի գրեթե բոլոր թեստավորումները՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ առողջապահական համակարգի նկատմամբ ճնշումը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Համավարակն այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք, ավարտվել է: Այն չի վերջացել, սակայն այնքանով, որքանով մենք այն գիտենք արագ փոփոխությունների ու սահմանափակումների տեսանկյունից, այն ավարտվել է»,- ասել է առողջապահության նախարար Լենա Հոլենգրենը՝ հավելելով, որ կորոնավիրուսն այլևս չի համարվելու վտանգ հասարակության համար:
Այս որոշմամբ՝ բարերին ու ռեստորաններին թույլատրվելու է աշխատել երեկոյան 11-ից հետո, չեն լինելու այցելուների սահմանափակումներ, չեն գործելու պատվաստման անցագրեր:
Այդուհանդերձ, երկրում առողջապահական համակարգը շարունակում է ծանրաբեռնված մնալ: Քանի որ անվճար թեստավորում այլևս չի արվում, ոչ ոք չգիտի նոր օրական դեպքերի թիվը: