Ինկասացիայի մեքենայից գողացված վեցուկես միլիոն դրամը հայտնաբերվել է ձերբակալվածի տան խուզարկությամբ.
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները:
Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։
Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:
Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները:
Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը:
Միաժամանակ, հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 510.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.83 դրամ (նվազել է 0.66 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.04 դրամ (աճել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.74 դրամ (աճել է 0.83 դրամով)
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդումը և հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ՄԻՊ աշխատանքների տեսլականը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:
Պաշտպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրած փաստերին: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում սահմանամերձ կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 18 և 19 տարի ազատազրկմամբ: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում: Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախանշվել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի և Ֆրանսիայի Օմբուդսմանի հանդիպման կազմակերպումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:
Հանդիպման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան Կիևին հայտնել է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի հատուկ գործողությունը դադարեցնելու պայմաններ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ գործողությունը կարող է ավարտվել «ցանկացած պահի», եթե Ուկրաինայի իշխանությունները կատարեն ռուսական կողմի պայմանները։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ուկրաինան պետք է փոփոխի Սահմանադրությունը և հրաժարվի «ցանկացած բլոկին» միանալու հավակնություններից։ Բացի այդ, նա պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։
«Մենք փաստացի ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք դա ավարտին կհասցնենք… Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները»,- ասել է Պեսկովը: