Գլխավոր Блог էջ 92

Մանե Թանդիլյան. Բանկային համակարգում տեղի է ունեցել խորհրդավոր գործարք

 

Հայաստանի եզակի կայացած ոլորտներից մեկում՝ բանկային համակարգում վերջերս տեղի է ունեցել բավական խորհրդավոր գործարք։

Փոխվել է բավական վատ ֆինանսական վիճակում գտնվող (համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների) Հայբիզնեսբանկի սեփականատերը։

Նոր սեփականատեր է դարձել շվեյցարական մի ընկերություն (75%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը (25%)։

Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։

ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռքբերել։

Այս փաստը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի պատմության ընթացքում։ 90-ականներին եղել են պետական մասնակցությամբ բանկեր՝ հիմնականում խորհրդային միությունից մնացած, որոնք մասնավորեցվել են։ Բայց այն, որ կենտրոնական բանկը ձեռք բերի մասնավոր բանկի բաժնեմաս, չունի որևէ բացատրություն։

«Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը իրականացնում է բացառապես վերաֆինանսավորման գործառույթ և անհասկանալի է այս ընկերության կողմից բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը։

Ո՞րն է եղել փաստացի կենտրոնական բանկի կողմից բանկի բաժնետեր դառնալու նպատակը։

Ինչու՞ շվեյցարական ընկերությունը ձեռք չի բերել 100% բաժնեմասերը։

Ինչքա՞ն է կենտրոնական բանկի գումարներից վճարվել առևտրային բանկի բաժնեմասի ձեռքբերման համար։

Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի առկայությունը այս գործարքը դարձնում է ոչ թափանցիկ՝ ակնհայտ շահերի բախման ուղեկցմամբ։

Ի դեպ, մի քանի օր առաջ բանկի խորհրդի անդամ է նշանակվել Տիգրան Ավինյանը։

Շվեյցարացի ներդրողները և ԿԲ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում՝ 75%-25% հարաբերակցությամբ։

Ընդհանրապես, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։

Հակված եմ մտածելու, որ շվեյցարացի ներդրողները բարձր են գնահատել Ավինյանի՝ 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետի փորձը։

Համաձայն շրջառավող որոշ լուրերի հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների։

Հուսով եմ, կենտրոնական բանկը կտա պատշաճ մեկնաբանություն այս խորհրդավոր գործարքի մասին, իսկ իրավապահ մարմինները այս փաստերը առնվազն կուսումնասիրեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում։

 

https://www.facebook.com/TandilyanMane/posts/491471372348243

Երկրաշարժը ցնցել է նաև Սեդվու Սուրբ Նշան եկեղեցին. (Ֆոտոշարք)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
Փետրվարի 13-ի երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել նաև Լոռու մարզի Սեդվու Սուրբ Նշան եկեղեցում։ Առանց այն էլ խարխլված եկեղեցու պատերը չեն դիմացել 6 բալ ուժգնության երկրաշարժին։ Հսկա քարեր են ընկել պատերից։
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանքը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության… (տեսանյութ)

Բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության: Մինչ այդ սովորում էր, դասավանդում  և զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ:

Մասնագիտությամբ դեղագործ Վահեն ցանկանում էր Հայաստանում զարգացնել կլինիկական դեղագիտությունը: Սակայն ճակատագիրն այլ որոշում էր կայացրել․ 2020թ․ հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ՝ բազմաթիվ կյանքեր փրկելու ընթացքում, ընդհատվեց նրա կյանքի ու մտքի թռիչքը․

Վահեի մայրը հայոց լեզու և գրականություն է ուսուցանում արդեն իր որդու՝ հերոսացած բժշկի անունը կրող դպրոցում։ Փոքրիկ վահեներին փոխանցում է հայրենասիրություն ու նվիրում․

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը 7 շրջանավարտ է կորցրել 44-օրյա պատերազմում։ Բոլորին հիշում են, նրանց անուններով դասասենյակներ են անվանակոչվել դպրոցում, դպրոցն էլ՝ Վահե Մելիքսեթյանի անունն է կրում․

Վահեն շատ ծրագրեր ուներ․ նրա կիսատ թողած գործը շարունակում են հարազատները: Ավագ եղբոր կողմից բացվել է Վահե Մելիքսեթյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին կրթաթոշակ է տրամադրում․

Հիմնադրամի նպատակներից մեկն էլ՝ Կլինիկական դեղագիտությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի հասցնելն է։ Սա Վահեի ամենամեծ երազանքն էր, որի իրագործմանը ձեռնամուխ են եղել նրա հարազատներն ու մերօրյա սերունդը:

Մարինա Անդրեասյան, MIG TVR

 

 

 

Ուկրաինայի նախագահը սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցությունները: Այն դեպքում, եթե մասնակից երկրները չտրամադրեն Ուկրաինայի անվտանգությունը, Կիևը կարող է չեղյալ համարել հուշագիրը։
«Ես կոնսուլտացիաներ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց գումարումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք կրկին չկայանան կամ դրանց արդյունքներով մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա կարծելու, որ Բուդապեշտի հուշագիրը չի աշխատում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- հայտարարել է Զելենսկին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:
Հուշագրի համաձայն, որը ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են միջուկային զենքի չտարածումը՝ ի պատասխան երկրի անվտանգության և ինքնիշխանության հարգանքի: Բացի այդ, մասնակից երկրները պարտավոր էին ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ ուժի կիրառումից։

Կորոնավիրուսը ՀՀ–ում. 30 մահ, 1469 նոր դեպք…

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 6 քաղաքացու մոտ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ արձանագրվել է 1469 նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում, գրանցված է 30 մահվան դեպք, կա 2587 առողջացած։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8308 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1588 է:

Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում։