Գլխավոր Блог էջ 92

«Հրապարակ». ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա

ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա. «Հրապարակ» -  Shabat.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Դրամաշնորհը տվել են ճապոնացիները, մեքենաների մրցույթը շահել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը փայաբաժին ունի: Այս ընկերությունն է ներկրելու շտապօգնության մեքենաները, բնականաբար՝ Toyota մակնիշի, հետո դրանք տեղում համալրելու է համապատասխան կահավորանքով եւ տրամադրի առողջապահության նախարարությանը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․ «Հույս ունենք, որ հունիսին պիտի ստանանք մեքենաները։ Իրենք ճապոնական Toyota-ներ են՝ հագեցված բոլոր սարքավորումներով եւ հարմարեցված մեր ճանապարհների համար։ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է տենդեր, որը երկար պրոցեսներ անցնելու արդյունքում գնվել է իրենց կողմից եւ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը»։ Խոսքը մոտ 39 մեքենայի մասին է՝ Toyota Hiace մոդելի, որոնք նախարարությունը բաշխելու է Երեւանի եւ մարզերի ԲԿ-ների միջեւ։

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:

Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարևոր են տարածքային համաչափ զարգացման, մարզերում աղքատության հաղթահարման, ՀՀ գյուղական և մարզային համայնքներում կրթական հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների ընդլայնման, մարզական կյանքի աշխուժացման տեսանկյունից: Դրանք, ըստ փոխնախարարի, ՀՀ կառավարության որդեգրած մոտեցումներն են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր

21 Փետրուար. Մայրենի Լեզուի Միջազգային Օրը - Hairenik Weekly Newspaper

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
• Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
• Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:
• Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:
• Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն…

 

Մանե Թանդիլյան. Բանկային համակարգում տեղի է ունեցել խորհրդավոր գործարք

 

Հայաստանի եզակի կայացած ոլորտներից մեկում՝ բանկային համակարգում վերջերս տեղի է ունեցել բավական խորհրդավոր գործարք։

Փոխվել է բավական վատ ֆինանսական վիճակում գտնվող (համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների) Հայբիզնեսբանկի սեփականատերը։

Նոր սեփականատեր է դարձել շվեյցարական մի ընկերություն (75%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը (25%)։

Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։

ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռքբերել։

Այս փաստը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի պատմության ընթացքում։ 90-ականներին եղել են պետական մասնակցությամբ բանկեր՝ հիմնականում խորհրդային միությունից մնացած, որոնք մասնավորեցվել են։ Բայց այն, որ կենտրոնական բանկը ձեռք բերի մասնավոր բանկի բաժնեմաս, չունի որևէ բացատրություն։

«Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը իրականացնում է բացառապես վերաֆինանսավորման գործառույթ և անհասկանալի է այս ընկերության կողմից բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը։

Ո՞րն է եղել փաստացի կենտրոնական բանկի կողմից բանկի բաժնետեր դառնալու նպատակը։

Ինչու՞ շվեյցարական ընկերությունը ձեռք չի բերել 100% բաժնեմասերը։

Ինչքա՞ն է կենտրոնական բանկի գումարներից վճարվել առևտրային բանկի բաժնեմասի ձեռքբերման համար։

Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի առկայությունը այս գործարքը դարձնում է ոչ թափանցիկ՝ ակնհայտ շահերի բախման ուղեկցմամբ։

Ի դեպ, մի քանի օր առաջ բանկի խորհրդի անդամ է նշանակվել Տիգրան Ավինյանը։

Շվեյցարացի ներդրողները և ԿԲ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում՝ 75%-25% հարաբերակցությամբ։

Ընդհանրապես, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։

Հակված եմ մտածելու, որ շվեյցարացի ներդրողները բարձր են գնահատել Ավինյանի՝ 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետի փորձը։

Համաձայն շրջառավող որոշ լուրերի հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների։

Հուսով եմ, կենտրոնական բանկը կտա պատշաճ մեկնաբանություն այս խորհրդավոր գործարքի մասին, իսկ իրավապահ մարմինները այս փաստերը առնվազն կուսումնասիրեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում։

 

https://www.facebook.com/TandilyanMane/posts/491471372348243

Երկրաշարժը ցնցել է նաև Սեդվու Սուրբ Նշան եկեղեցին. (Ֆոտոշարք)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
Փետրվարի 13-ի երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել նաև Լոռու մարզի Սեդվու Սուրբ Նշան եկեղեցում։ Առանց այն էլ խարխլված եկեղեցու պատերը չեն դիմացել 6 բալ ուժգնության երկրաշարժին։ Հսկա քարեր են ընկել պատերից։
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանքը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։