Գլխավոր ԼՈՒՐԵՐ 300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում

300 դպրոցական ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում

234


ℹ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում Լոռու մարզի 300 դպրոցական այս տարի ամառային հանգիստը կանցկացնի Հանքավանում։

Այսօր՝ հունիսի 20-ին, մարզի տարբեր համայնքներից 150 երեխա մեկնեց Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբար՝ մասնակցելու առաջին հերթափոխին։

Երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, վարչության մասնագետները, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

📍 Ողջունելով ճամբարականներին և նրանց ծնողներին՝ Նաիրա Բարիկյանը նշեց, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի դպրոցականներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Նա երեխաներին մաղթեց անմոռանալի հանգիստ և վառ տպավորություններ։ Ծնողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին՝ բարձր գնահատելով պետության աջակցությամբ նման հնարավորության ընձեռումը։

Ճամբարը կգործի 7-13 տարիքային խմբի երեխաների համար՝ երկու հերթափոխով՝ 9-օրյա տևողությամբ։ Առաջին հերթափոխը կանցկացվի հունիսի 20-29-ը, երկրորդը՝ հունիսի 29-ից հուլիսի 8-ը։

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները։