Վանաձորի քաղաքապետի առնվազն 10 թեկնածուի անուն է շրջանառվում. ՔՊ-ն սոցհարցումներ է իրականացնում

718

Վանաձորի Հայքի հրապարակ

Այս տարի նոյեմբերին Վանաձորում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և չնայած առաջադրումներին դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ ներքաղաքական աշխուժություն է տիրում Հանրապետության երրորդ քաղաքում: Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում քաղաքի բնակիչների շրջանում՝ քաղաքապետի հավանական թեկնածուների վարկանիշը հասկանալու համար:

Արդեն իսկ ակնհայտ է, որ թեժ ընտրություններ են սպասվում, դա են վկայում քաղաքապետի պաշտոնի համար հավանական թեկնածուների շրջանառվող անունները: Այս ընտրությունների թերևս ամենաուշագրավ իրողությունն այն է, որ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանն ընտրություններին մասնակցելու է ոչ ՀՀԿ համամասնական ցուցակով: Ըստ լուրերի՝ վերջինս թեկնածությունն առաջադրելու է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակով:

Ասլանյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին՝ կուսակցության, թե դաշինքի ցուցակով: ՀՀԿ-ական քաղաքապետը սակայն չբացառեց, որ հնարավոր է առաջադրվի այլ կուսակցության ցուցակով: Նա վստահեցրեց՝ ՀՀԿ-ում նեղսրտվածություն չունեն իր ցանկացած որոշման հարցում:

ՔՊ-ն այս ընտրություններում ցանկանում է առաջադրել «Արփի» տաքսի ծառայության հիմնադիր, ՎՊՀ դասախոս Մանվել Ոփյանի թեկնածությունը: Լոռու մարզպետ, ՔՊ-ի Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արամ Խաչատրանն ասաց, որ այս պահին քննարկումները դեռ շարունակվում են, ուստի չի ցանկանում որևէ անուն հնչեցնել:

Խորհրդարան անցած ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ևս, ըստ լուրերի, մասնակցելու են Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, չնայած այդ մասին դեռ հանրային ոչինչ չեն ասել: «Հայաստան» դաշինքի քաղաքապետի հավանական թեկնածուներն են Վանաձորի քաղաքապետի մշակույթի բաժնի պետ, պատգամավորի թեկնածու Գոռ Բադյանը և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում քաղաքապետի թեկնածուն կրկին նախկին ՀՀԿ-ական Վահե Դոխոյանն է, Վանաձորի ավագանու անդամ, որն այժմ «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավարն է: Թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» դաշինքներից հայտնեցին, որ այս պահին դեռ վերջնական որոշում չունեն առհասարակ մասնակցության վերաբերյալ:

Որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում է նաև Վանաձորի ավագանու անդամ Արտյոմ Գրիգորյանի անունը:

2016-ի Վանաձորի ավագանու ընտրությունները բավական լարված ընթացան, կայացավ նաև երկրորդ փուլ, քանի որ ընտրությունից ամիսներ առաջ ՀՀԿ շարքերը համալրած Մամիկոն Ասլանյանը չէր կարողացել անհրաժեշտ քվե ապահովել: Այն ժամանակ հիմնական մրցակցությունը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի և Մամիկոն Ասլանյանի միջև էր: Եւ չնայած երկրորդ փուլից առաջ ընդդիմադիր ուժերը՝ ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն հուշագիր կնքեցին՝ պարտավորվելով քվեարկել երկրորդ տեղը զբաղեցրած ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն փակ քվեարկության արդյունքներով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը: Ընտրություններից անմիջապես հետո ՀՎԿ  քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ:

Ըստ տեղեկությունների՝ և՛ Արկադի Փելեշյանը, և՛ Քրիստ Մարուքյանը մասնակցելու են սպասվող ընտրություններին:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն, կրկին ըստ լուրերի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Հյուսիսային» մասնաճյուղի նախկին տնօրեն, պատգամավորի թեկնածուն Էդգար Բոջուկյանն է:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել է նաև նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական, Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը: Ըստ լուրերի՝ նա առաջադրվելու է Առաքելություն կուսակցության ցուցակով: Այվազյանն ասաց, որ լուրերը չի մեկնաբանում: Երբ վերջնական որոշում լինի, այն ժամանակ էլ կհայտարարի, թե որ կուսակցության ցուցակով է մասնակցելու:

Ընտրական օրենգրքի համաձայն՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է նշանակել հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը,
սակայն դեռ հայտնի չէ, թե որ համայնքում երբ ընտրություն կլինի: Բացի Վանաձորի և Գյումրիի հերթական ընտրություններից մի շարք համայնքներում ևս հերթական ու արտահերթ ընտրություններ են սպասվում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ