Հունիսի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է Վանաձորի քույր քաղաք Ռուսաստանի Դաշնության Պոդոլսկի քաղաքապետ Գրիգորի Արտամոնովին, նրա տեղակալներ Ալեքսանդր Մամլային, Անժելա Ստուդենիկինային, Օլգա Շաշկովային և աշխատակազմի քարտուղար Դմիտրին Սեմյոնովին։ Քույր քաղաքի պատվիրակության հետ անցկացվել է ջերմ և արդյունավետ հանդիպում։ Քննարկվել են երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները, փորձի փոխանակման և մշակութային կապերի խորացման հեռանկարները։
Քույր քաղաքները երկուստեք ցանկություն են հայտնել խորացնել բազմաբնույթ համագործակցությունը, ավելի հաճախ կատարել փոխադարձ այցելություններ, ինչպես նաև դիտարկել տնտեսական կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ ծրագրեր՝ նպաստելով տարածաշրջանային զարգացմանն ու փոխշահավետ համագործակցությանը։
Կողմերը միմյանց փոխանցել են հուշանվերներ՝ որպես բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։
Պաշտոնյաներն այցելել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ ծաղիկներ են խոնարհել’ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին։
Պոդոլսկի պատվիրակությունը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ հանդիպել է Հայրենական պատերազմի վետերան Հենրիետա Մխիթարյանի և Վանաձորում «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Պոդոլսկի ղեկավար Գրիգորի Արտամոնովը բարձր է գնահատել վետերանների ներդրումը խաղաղության պահպանման գործում, ինչպես նաև հուշանվերներ է հանձնել վետերանին։
Նրանք այցելել են Անհայտ զինվորի հուշարձան՝ ծաղիկներ խոնարհել ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների։
Հանդիպումները տեղի են ունեցել ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ վերահաստատելով Վանաձորի և Պոդոլսկի համագործակցութունը խորացնելու փոխադարձ պատրաստկամությունը։
Վանաձորը և Պոդոլսկը քույր քաղաքներ են դարձել 2004 թվականին։