Գլխավոր ԼՈՒՐԵՐ «Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու, չկա՛ այդպիսի...

«Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու, չկա՛ այդպիսի բան». Փաշինյան

514

Փուլային տարբերակ բանակցվո՞ւմ է. Նիկոլ Փաշինյանի պատասխանը պատգամավորի  հարցին | Լրագիր

«2021թ.-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել և գործը տանել դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:

Մենք այս առումով շահագրգռված ենք և բնականաբար պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը: Մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը հայելային հետ քաշվեն: Ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում. դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների, և արդյունքում նաև հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Հաջորդ ֆունդամենտալ հարցն այն է, որ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման: Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը ենթարկվել է դելիմիտացիայի, իսկ 1991թ.-ի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի կողմից, այդ սահմանները ճանաչվել են»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն այս տրամաբանության մեջ, և հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ:

«Այս թեմայով, ցավոք սրտի, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ շատ գյուղեր անպաշտպան են մնալու: Չկա այդպիսի բան, բնական է, որ առաջարկությունների փաթեթում ամեն բան հաշվի է առնված, բայց պետք է խոստովանել նաև մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, այնպես չէ, որ հարյուր տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա: