Այսօր՝ հունիսի 9-ին, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում անցկացվել է «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը:
Աշխատանքային խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից նախորդ նիստից հետո ընկած ժամանակաշրջանում կատարված աշխատանքները ու նաև տեղեկացրել, որ նիստի հյուրերն են «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հկ ծրագրի ղեկավար Մարիամ Ղարիբյանը և նախագծի մասնագետ Ջեմմա Հովհաննիսյանը: Վերջիններս ներկայացրել են հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին և ընտանիքի անդամներին», «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրերը և իրազեկել, որ կազմակերպությունը գործարկել է «Անվճար ծառայությունների տրամադրման հարթակ» և «Հուզական աջակցության թեժ գիծ»՝ 📞0800 00 900 հեռախոսահամարով:
Հ. Ավետիսյանը կարևորել է կազմակերպության պատրաստակամությունը՝ համագործակցելու Լոռու մարզի համապատասխան պետական և հասարակական կառույցների հետ՝ ընդգծելով, որ այդ գործակցությունը մեծապես կարող է նպաստել ոլորտին առնչվող մի շարք մարտահրավերների հաղթահարմանը:
«Արփի» հկ նախագահ Սոֆիկ Մինասյանը տեղեկատվություն է ներկայացրել կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ մասնավորապես զոհվածների, զինհաշմանդամների, անհետ կորածների ընտանիքների անդամներին, պատերազմ մասնակից զինծառայողներին, ԼՂՀ բռնի տեղահանված ընտանիքներին ուղղված հոգեբանական աջակցության ծրագրերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաև «Խնամք» հկ-ի Սպիտակի խնամքի տան(պատասխանատու Բավական Պետրոսյան) գործունեությանը, կենտրոնի շահառուների մասնակցությամբ մշակութային միջոցառումներին, ինչպես նաև «Լուսաստղ» բարեգործական հկ-ի(նախագահ Անի Գաբրիելյան) կողմից իրականացվող «Հոգեկան առողջության խնամքը` հույզերի կառավարման գրավական» ծրագրին:
Քննարկվել են կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ տարբեր սոցիալական խմբերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:
Ներկաները Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ շրջել են նաև հաստատությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: