ԵՄ միջոցների չարաշահման 120 դեպքի կասկածանքով ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետը

389

Նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը ձերբակալվել և առաջիկա 24 ժամվա ընթացքում պահվելու է Բուլղարիայի Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունում։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Մենկո Մենկովը։

«Բոյկո Բորիսովին ոստիկանների պաշտպանության ներքո դուրս են բերել տնից և տարել, Բորիսովը չգիտի, թե ինչու է  բերման ենթարկվել»,- ասել է փաստաբանը։

Ավելի վաղ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր Բորիսովի և մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալության մասին՝ մանրամասնելով, որ ոստիկանական լայնածավալ գործողություն է իրականացվում՝ կապված եվրոպական միջոցների չարաշահման 120 դեպքի հետաքննության հետ։

Բորիսովի կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորները, բողոքի ակցիա են իրականացրել իրենց առաջնորդի տան մոտ, այնուհետ  շարժվել են  դեպի ոստիկանության շենք, որտեղ շարունակել են բողոքի ակցիան »:

Երկրի առաջատար հեռուստաալիքները ընդհատել են բնականոն հեռարձակումը և շարունակում են եթեր մտնել իրավիճակի մասին նորությունների հրատապ թողարկումներով։

Հինգշաբթի օրը Սոֆիայում կայացած ճեպազրույցում Եվրոպական դատախազության ղեկավար Լաուրա Կևեշին ասել է, որ մարմինը տվյալներ է ստացել Բուլղարիայում եվրոպական ֆոնդերի չարաշահման ավելի քան 120 դեպքի վերաբերյալ։ Նա պարզաբանել է, որ հիմնական բողոքները ստացվել են պետական պատվերի, գյուղատնտեսության զարգացման սուբսիդիաների, համաճարակից հետո շինարարության և վերակառուցման համար հատկացված միջոցների չարաշահման փաստերի վերաբերյալ։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ