«Գյուղում կյանքը․․․ լավ է»․ երեք կողմից՝ ադրբեջանցի, միակ ճանապարհն էլ՝ անմխիթար

832

44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Խոզնավարի միջնակարգ դպրոցը 8-րդ և 11-րդ դասարանցի չունի։ Այդ տարիներին գյուղում երեխաներ չեն ծնվել։ Ամենաշատը առաջին և երկրորդ դասարանցիներն են՝ վեցական աշակերտներով։

«Իմ  դպրոցական տարիներին բավականին շատ աշակերտ կար դպրոցում։ Մեր դասարանում 14 աշակերտ կար։ Բայց դպրոցն ավարտելու ժամանակ 7 հոգի էինք»,- ասում է 30-ամյա Հարություն Անդրիյանը։

Նա 2013-ից աշխատում է Խոզնավարի միջնակարգ դպրոցում։ Հիմա կրթօջախի փոխտնօրենն է, բայց նաև դասավանդում է հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հասարակագիտություն, ձեռնարկատիրական կրթություն առարկաները։

Հարությունին դպրոց բերել է ծնողների տված դաստիարակությունն ու հայրենի գյուղի նկատմամբ սերը։

Պատերազմը շատ բան  է  փոխել․ ադրբեջանցին 140 կիլոմետր հեռու էր,   և գյուղը սահմանակից էր Քարվաճառի շրջանին, իսկ այսօր․․․ Երբ Խոզնավարը դարձավ սահմանամերձ, աշակերտներն էլ փոխվեցին, մի տեսակ շատ արագ մեծացան,- ասում է ուսուցիչը։ Հիմա խաղաղության մասին են մտածում ու անընդհատ զենքից, պաշտպանվելուց են խոսում։

«Գյուղում կյանքը․․․ լավ է»,- ասում է ընկեր Անդրիյանը, թեեւ անհանգստանալու առիթ կան։  Սեւ լճի տարածք ներխուժած ադրբեջանական զինվորականները  2021թ մայիսի 20-ին Խոզնավարի ուղղությամբ   առաջացել են  1.5 կիլոմետր ։

«Եթե երեք կողմից շրջափակված ես թշնամիներով, ինչպե՞ս կարող է անհանգստություն չլինի։ Գյուղը մեկ ճամփա  ունի, որի դիմացը թշնամին չէ կանգնած, բայց այստեղ էլ ճանապարհի անբարեկարգ լինելն է անհարմարություններ ստեղծում։ Ինչ հիշում եմ էս հարցը լուծում չի ստանում։ Ու արդեն 30 տարի․․․»,- ասում է Հարությունը, ով ամեն օր իր մեքենայով անցնում է անբարեկարգ ճանապարհով և իր մաշվի վրա է զգում խորդուբորդ ճամփի դժվարությունները։

 

«Երբեք գյուղը լքելու մասին չեմ մտածել, նույնիսկ այսօր․․․»,- շեշտում է նա։

Սահմանամերձ դարձած Խոզնավարում երիտասարդներն հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց այստեղ էլ հիմա դժվարությունները շատ են՝գյուղը համ սահման է դարձել, համ էլ թշնամին վարչական տարածքի մի մասը զավթել է․․․ Ամեն գիշեր Խոզնավարի տղամարդիկ գյուղում հերթապահություն են իրականացնում՝ հսկելով, որ ադրբեջանցին չփորձի գյուղ մտնել։

Գյուղի ուսուցիչը պետությունից ակնկալիքներ չունի, այլ ընդհակառակը գտնում է, որ իրենք էլ ամեն բան պետության համար են անում։

«Ավելի շատ կցանկանայի, որ պետությունը հզորանար։ Մեզ այս պահին հզորանալ է պետք»,- ասում է Հարությունը։

Դժվարությունների մասին խոսել չի սիրում, բայց դրանք,  իհարկե, կան՝ դժվար է ապրել ուսուցչի աշխատավարձով, երբ փոքր դպրոցի փոխտնօրենն ես ու ընդամենը կես դրույքով ես աշխատում։

Հարություն Անդրիյանն աշակերտներին կրթելուց հետո հողագործությամբ է զբաղվում, այգի է մշակում, որ Խոզնավարը շենանա, որ իր մանկահասակ տղան մեծանա ու սովորի  դպրոցում, որ զինվոր դառնա ու պաշտպանի հայրենի եզերքը՝ Խոզնավարը․․․

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ