Բռնության ենթարկված կինը հաշտության համաձայնվեց.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ հոկտեմբերի 12-ին կայացավ Կ. Գալստյանի գործով հերթական դատական նիստը:

Կ. Գալստյանի դեմ իրավապահներին բողոք է ներկայացրել կինը՝ Լ. Խաչատրյանը։ Նա ամուսնուն մեղադրում էր իր հանդեպ բռնություն կիրառելու մեջ։  Լ. Խաչատրյանըպատմել էր, որ 2020թ. հուլիսի 16-ին հերթական վեճի ժամանակ՝ իրենց տանը,  Կ. Գալստյանը բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Ամբաստանյալի շահերի պաշտպան Գագիգ Նալբանդյանը միջնորդություն ներկայացրեց դատարան այն մասին, որ գործում այլևս տուժող կողմ չկա: Կ. Գալստյանը և Լ. Խաչատրյանը համաձայնության են եկել և հաշտվել են: Փաստաբանը առաջարկեց, որ օրենքի համաձայն, եթե կողմերն այլևս իրարից որևէ պահանջ չունեն, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը փորձեց նաև ճշտել, արդյոք կողմերի միջև հաշտությունը կամավոր է, հիմնաված է երկկողմանի համաձայնության վրա և չի եղել արդյոք որևէ սպառնալիք: Ապա լսեց նաև մեղադրող կողմի կարծիքը:
Լոռու մարզի դատախազ՝ Բարսեղ Մուրադյանը դեմ չէր շահերի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը,  նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ կարճել գործի վարույթը՝ հաշտեցման հիմքով:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»   ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

Նարինե Մաթեւոսյան